Պետք է ակտիվ աշխատենք, նպատակահարմար չէ պարապուրդի մատնել Ազգային ժողովը. Մակունց
Պատգամավորները պահպանում են առողջապահության նախարարության ցուցումները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Մակունցի խոսքով՝ ԱԺ նիստեր չգումարելու կարիք չկա, նպատակահարմար չէ խորհրդարանը պարապուրդի մատնելը:
«Չեմ կարծում, որ նպատակահարմար է պարապուրդի մատնել Ազգային ժողովը։ Կյանքը ՀՀ-ում չի կարող կանգնել, պետք է ակտիվ աշխատենք։ Չենք կարող մեր աշխատանքները դադարեցնել»,- ասաց Մակունցը՝ ընդգծելով, որ նաև Ազգային ժողովում բոլոր նրանք, ովքեր տարիքի կամ առողջական վիճակի առումով խոցելի խմբում են, չեն հաճախում աշխատանքի։
«Նրանց բացակայությունը հարգելի է համարվելու, բայց աշխատանքներն ԱԺ-ն պետք է կատարի։ Աշխատակազմն ըմբռնումով է մոտենալու այն աշխատողներին, որոնք գալու հետ կապված կունենան խնդիրներ»,- նշեց Լիլիթ Մակունցը։