Պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը. Միրզոյանը՝ ՌԴ-ից հնչած հայտարարությունների մասին
Երեկ ռուսաստանյան պետական կամ հանրային հեռուստաընկերության եթերում հիշատակված տխրահռչակ հաղորդման շրջանակներում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում՝ անձնական բնույթի, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության հասցեին: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին:
«Անմիջապես հետո նմանաբովանդակ դրսևորումներ, արտահայտություններ եղել են ռուսաստանյան քաղաքական գործիչների կողմից, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորների կողմից, այդ թվում՝ կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից: Մենք՝ ՀՀ-ն, սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը և այդ բարեկամությունն ամրագրող կամ կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն ՀՀ ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ: Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին: Կարծում եմ, որ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը»,- նշեց Միրզոյանը:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ անդրադարձել էր «Երեկոն Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակում ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հայտարարություններին, որոնցում նա վիրավորական արտահայտություններով պիտակավորել է Հայաստանի իշխանություններին։ Ալեն Սիմոնյանը նրա հայտարարությունները միջամտություն է որակել Հայաստանի ներքին գործերին: