հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Փաշինյանը նորից Սյունիք է գնում. «Հրապարակ»

Փաշինյանը նորից Սյունիք է գնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է պատրաստվում Սյունիք այցելել, առաջինն ապրիլի 12-ին էր` այդ այցի գլխավոր «մեղավորը» տիկինն էր՝ իր «կրթարշավով», որի հերթական կանգառը Մեղրին էր: Փաշինյանն էլ, որ պարտաճանաչ մասնակցում է կնոջ կազմակերպած հանդիպումներին, իր գրաֆիկը հարմարեցրել էր տիկնոջ օրակարգին եւ մեկնել Սյունիք:

Այդ այցի ժամանակ` ձեռքի հետ էլ մասնակցեց Կապանի պարեկային նոր վարչության բացման միջոցառմանը, այցելեց մի քանի գյուղ եւ իր հայտնի` ատամ լվանալու ելույթն ունեցավ: Հիմա կրկին որոշել է այցելել Սյունիք․ մայիսի 10-ին՝ Կապան, 11-ին` Քաջարան, քանի որ Աննա Հակոբյանն այդ օրերին որոշել է կրթել նշված համայնքների «տգետներին», եւ այդ հանդիպումներին, որպես բանախոս, մասնակցելու է նաեւ Փաշինյանը։

Նախորդ այցի ընթացքում Փաշինյանն այդպես էլ չայցելեց սահմանամերձ Խնածախ եւ Խոզնավար, որտեղ վերջին շաբաթներին ամենօրյա ռեժիմով կրակում են: Հայտնի չէ՝ այս անգամ այցելելու է, թե ոչ։ Փաշինյանից հետո ՔՊ-ականները փորձել են սրբագրել «շեֆի» բացթողումը` պատգամավորներ Դավիթ Դանիելյանն ու Արսեն Թորոսյանն այցելել էին այդ համայնքներ: Իսկ նրանց այցից մեկ օր անց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր` Արմեն Խաչատրյանն էին այցելել։

Պարզ է, որ ՔՊ-ում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում, չկա թիմային միասնություն եւ գործողությունների համաձայնեցված ծրագիր, հակառակը՝ ընտրություններին ընդառաջ թեժ մրցակցություն է սկսվել, բոլորն ակտիվացել են, փորձում են իրենց գոյության մասին հիշեցնել, որ դուրս չմնան հաջորդ ցուցակից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: