Փաշինյանինը պարտվողի ուղեղ է. Ժողովուրդը պետք է կանգնի, ասի, որ այլևս դու չես կարող լինել այս պետության ղեկավար. Արամ Գ. Սարգսյանը
Այս իշխանությունը, առաջին հերթին վարչապետը պետք է դիմեր բոլոր միջազգային կառույցներին և հատկապես Մինսկի խմբի համանախագահ պետություններին, որոնք 25 տարի վարել են բանակցություններ Արցախի Հանրապետության ղեկավարության հետ՝ գերիների վերադարձի հարցով: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Միասին» շարժման ղեկավարներից Արամ Գ. Սարգսյանը:
«Եթե չեն այդպիսի դիմումներ եղել, ապա մենք հիմա նորից դիմելու ենք այդ երեք համանախագահներին, իրենց պետությունների ղեկավարներին, որովհետև իրենք դառնում են հանցակից Ալիևի հայտարարությունների հիման վրա, որովհետև Ալիևն ասում է, որ տեռորիստների հետ համապատասխան բանակցություններ են վարել:
Կնշանակի՝ հայր Ալիևը՝ Հայդար Ալիևը առաջին տեռորիստներից մեկն է, որը 1994 թվականին արցախցիների հետ ստորագրեց Բիշքեկի այդ պայմանագիրը:
Երկրորդը, ինքն է նաև այդ հանցակիցը, որովհետև Մինսկի խմբի համանախագահները գալիս էին Ստեփանակերտ և այդտեղ էին վարում մեր ղեկավարների հետ համապատասխան բանակցությունները: Այնպես որ այստեղ խնդիրը նա է, որ եթե Նիկոլ Փաշինյանը համապատասխան խիզախություն կամ ուղղակի ղեկավարի համապատասխան կամք դրսևորեր, ապա ինքը պետք է այդ քայլը աներ։ Երբ որ ինքը մեղադրում է մեր ժողովրդին, որ աղքատությունը իրենց ուղեղի մեջ է, ես հիմա ուզում եմ ասել, որ պարտությունը իր ուղեղի մեջ է, որովհետև ինքն է այսօր այդ ամբողջը հրահրում»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով այսօր Բաքվում մեկնարկող հայերի դատավարությանը, նա նկատեց, որ դրանով մեզ բոլորիս են դատում. «Եթե ինքը վերցնի և հայտարարի, որ Մինսկի խումբը այլևս չպիտի գործի, դա նշանակում է, որ բոլորս դառնում ենք հանցավոր, հանցակից, կամ կուզեք՝ հանցագործ, որովհետև ով մի անգամ եղել է Արցախում, կնշանակի ինքը հատել է այդ սահմանը ապօրինի ձևով։
Երկրորդը, 30 տարվա ընթացքում հայ ազգը ազգային ազատագրական պայքար է մղել, դա պետք է որակվի միջազգային իրավունքի նորմին համապատասխան, և եթե դուք դրանից էլ եք հրաժարվում, ուրեմն էլ ի՞նչ ունեք ասելու Իլհամին»:
Նա նշեց, որ իրենք երեկ հրապարակված պահանջագիրը ներկայացնելու են երեք համանախագահ երկրների նախագահների որպեսզի նրանք նույնպես պատասխան տան, թե ինչի ինչի են լռել և ինչու են լռում հիմա։
Փաշինյանը ամեն ինչ զիջում է և իր իր ուղեղը պարտվողի ուղեղ է: Դրա համար մենք ասում ենք ինչքան հնարավոր է շուտ հեռացնենք սրան, որպեսզի կարողանանք մեր պետության վարկը բարձրացնել, մեր պետությունը պահպանենք և մեր ազգի արժանապատվությունը նորից վերականգնվի, սա խայտառակ վիճակ է:
Ժողովուրդը պետք է կանգնի, ասի, որ այլևս դու չես կարող լինել այս պետության ղեկավար»,- հայտարարեց Արամ Սարգսյանը: