Ոստիկանությունում հաղորդում տվեցի, որ Արարատ Միրզոյանն օգտագործում է թմրամիջոցներ, հուսով եմ՝ կստուգեն դա. Սամսոնյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քիչ առաջ ազատ է արձակվել իրենց տան բակից ոստիկանության 6-րդ վարչություն բերման ենթարկված՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Լրագրողների հետ զրույցում Նարեկ Սամսոնյանն ասաց. «Ինձ բերման են ենթարկել ապօրինի զենք, զինամթերք կրելու կասկածանքով ու բերել են ապօրինի թմրամիջոցների շրջանառության վարչություն, շատ էպիկ էր ամեն ինչ: Քանի որ գտնվում էի այդ վարչությունում, առիթից օգտվելով՝ հաղորդում տվեցի, որ իմ մասին հայտնած անանուն զանգի 001HH01 ծառայողական մեքենան ունեցող պաշտոնյան, եթե չեմ սխալվում՝ Արարատ Միրզոյանը, օգտագործում է թմրամիջոցներ, հուսով եմ, որ այս վարչությունը կզբաղվի իր իրական գործով և կստուգի դա»:
Սամսոնյանն ասաց, որ իր հետ կատարվածը համարում է բացառապես քաղաքական հետապնդում, և որ դա Նիկոլ Փաշինյանի մտքի թռիչքն է: «Նա պատասխանատու է անձամբ, մեզ սրանով ոչ միայն չեն վախեցնում, այլև զվարճացնում են, ուղղակի մեր հարևանները մի փոքր վախեցան, բայց հուսով եմ՝ կսովորեն ու էլ չեն վախենա: Հորդորում եմ Փաշինյանին ավելի շատ բռնել, իսկ ոստիկանությանը՝ հարգանքներս», ասաց նա: