«Ո՞վ ասեց, որ մենք կողմ ենք քվեարկելու». Ալեն Սիմոնյանը՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին
ԵՄ անդամության գործընթացը ՀՀ ժողովրդի կամքն է և մենք այդ կամքը ՀՀ ԱԺ-ում քննարկելու ենք, որոշում ենք կայացնելու, դրանից հետո պարզ կլինի՝ ինչ անել: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ ռուսական կողմից հնչում են հայտարարություններ, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջեւ:
«Բայց ես չեմ կարծում, որ ռուսական կողմը պետք է այդքան մեծ մտահոգություններ ունենա դրա հետ կապված և չեմ կարծում, որ որևիցե ձևով համագործակցությունը համատեղելը կարող է խնդիր հանդիսանալ: Եթե իրենց համար դա խնդիր է, ես կարծում եմ, որ չկա այդպիսի խնդիր, որ հայկական և ռուսական կողմերը չեն կարող իրար հետ քննարկել: Կարող ենք քննարկել, լուծումներ գտնել, բայց Հայաստանը ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում, թե ինչ օրենք ընդունի, ինչ ինչն է բխում իր շահերից և ինչը չի բխում իր շահերից»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք ԱԺ-ում ԵՄ անդամակցության գործընթացին կողմ քվեարկելը կարելի է համարել ԵՄ անդամակցության ճնապարհին առաջին քայլ, նա ասաց. «Նախ, ո՞վ ասեց, որ մենք կողմ ենք քվեարկելու: Մենք սխալ կողմից ենք գալիս։ Այն, ինչը ՌԴ-ն մեր տարածաշրջանում Հայաստանի առումով կորցնում է, դա Ռուսաստանի քայլերի պատճառով է և Ռուսաստանի՝ մեզ տարածաշրջանում մենակ թողնելու և տարածաշրջանից հեռանալու պատճառով է: Մեղադրել Հայաստանին, որ Հայաստանը փորձում է իր անվտանգությունը, իր գոյությունը ապահովել... դա չի կարող սխալ լինել:
Ես չեմ կարծում, որ սա առաջին քայլն է, սա քայլերից մեկն է»: