Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենթ սկսելու պահանջով նամակներ են հանձնվում պատգամավորներին
Մենք ՔՊ կամ որևէ այլ կուսակցությունից կամ խմբակցությունից որևէ ակնկալքիներ չունենք, մեր ակնկալիքները ԱԺ պատգամավորներից են: Այս մասին ԱԺ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, որը պատրաստվում է ԱԺ 107 պատգամավորներին նամակ հանձնել՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու առաջարկով:
«Այն ինչի վերաբերյալ պատրաստվում ենք նամակ հանձնել ԱԺ պատգամավորներին, դուրս է որևէ կուսակցության և խմբակցության իրավասությունների շրջանակներից և վերաբերելի է բացառապես պատգամավորին՝ գումարած որպես ինքնավար քաղաքական պաշտոն զբաղեցնողի պաշտոնական պարտականություններից»,- ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ այս գործընթացի վերաբերյալ խմբակցության որոշում պարտադիր չէ, քվեարկության համար ևս որոշում չի պահանջվում, ամեն պատգամավոր իր որոշումն է կայացնում:
Հարցին՝ դիմումում նշե՞լ եք, թե ով է ձեր վարչապետի թեկնածուն, նա հակիրճ ներկայացրեց նամակի բովանդակությունը:
«Այստեղ գրած է այս գործընթացի հիմնավորումները՝ հղում անելով Սահմանադրության 88-րդ, 94-րդ և 115-րդ հոդվածներին: Այսինքն, հիմնավորումներն է ներկայացված և կցված է ԱԺ-ի որոշման նախագիծը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին ԱԺ նախագիծ: Այստեղ որոշման տեքստը դրված է, բաց է թողնված վարչապետի անուն ազգանուն տողը: Այն, թե ով կարող է լինել վարչապետի թեկնածուն, դա կարող է որոշել միայն այն պատգամավորը, ով այս նախաձեռնության հեղինակն է, իրենք էլ կորոշեն, թե ում են առաջադրում վարչապետի թեկնածու»,- ասաց նա:
Ղազարյանը նշեց, որ իրենք, օրինակ, Ալեն Սիմոնյանից և մնացած 106 պատգամավորներից, բացի իրենց պարտականություններից որևէ լրացուցիչ պահանջ չունեն:
«Մենք չենք ասում՝ այսպես արե՛ք, մենք ասում ենք՝ կլինի՞ մենք մի հատ իրար հետ պարոն Ալեն Սիմոնյան մեր երկրի Սահմանադրությունը կարդանք: Մեր երկրի Սահմանադրությամբ ասվում է՝ ԱԺ-ն վերահսկում է կառավարություն գործունեությունը: Կառավարությունը դա այն մարմինն է, որն իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականութունը՝ կառավարության ծրագրի հիման վրա: Հիմա բացում ենք կառավարության ծրագիրը, կարդում ենք որ նրա ծրագրի դրույթները չեն կատարվում, մեր երկրում էլ միայն դուք կարող եք վերահսկել կառավարության ծրագիրը և հիմա դուք կարող եք միայն անվստահություն հայտնել: Նիկոլ Փաշինյանը էլի կարող է մնալ իրենց կուսակցության վարչության նախագահ, մենք իրենց կուսակցության հետ գործ չունենք, մենք գործ ունենք պետական պաշտոնյաների հետ»,- ասաց նա: