Նիկոլ Փաշինյանի մտահորիզոնը չի զարգացել ու չի աճել, նրա որևէ քայլ ուղղված չէ պետության ուժեղացման համար․ Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի կարող ասել՝ ինչու այսօր աշխատանքից ազատվեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։
«Նիկոլ Փաշինյանից հարցրեք, ես ասել եմ մեկ բան՝ քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանի ռեժիմը՝ ով կլինի ԱԱԾ տնօրեն, ՆԳ նախարար, դատախազ ու դատավոր, բոլորի դեմքին կպնցնում եք Նիկոլ Փաշինյանի դիմակն ու բոլորին դիտարկում եք այդ տեսանկյունից»,- լրագրողներին ասաց Վանեցյանը։
Նա չի հավատում, որ ուժային կառույցում գտնվող մարդը կարող է չկատարել իր անմիջական ղեկավարի հրամանը։
«Անկեղծ ասած՝ ես չգիտեմ ինչու չմտան Սամվել Կարապետյանի տուն, միգուցե, նման խնդիր ընդհանրապես չի եղել, որ ԱԱԾ-ն մտնի, ես չեմ կարող հստակ պատասխան տալ»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։
Արթուր Վանեցյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի մտահորիզոնը չի զարգացել ու չի աճել։
«Ինքն իր էլեկտորատի համար ինչ-որ բառեր է ասում, որ հավատան ու մտածեն, թե ինքը կարևոր գործով է զբաղված, այնինչ, ինքը ձախողել է ամեն ինչ»,-ասաց նա։
Վանեցյանի խոսքով՝ հանրությունը սպասում է, թե հերթական ինչ քայլ պետք է անի Նիկոլ Փաշինանը Հայաստանի դեմ։
«Նրա որևէ քայլ ուղղված չէ պետության ուժեղացման համար, նրա բոլոր քայլերը հակառակի մասին են խոսում»,- ընդգծեց Վանեցյանը։