Մի շարք ՀԿ-ներ և անհատներ պահանջում են ձեռնպահ մնալ դատական իշխանության մարմինների և իրավապահ համակարգերի վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց
19 հասարակական կազմակերպություններ և անհատներ հայտարարություն են տարածել և պնդում են՝ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները խախտում են ՀՀ Սահմանադրությունը, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության սկզբունքները, դատաիրավական համակարգի մարմինների անկախությունը, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ինքնավարությունը։
«Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության սկզբունքները, դատաիրավական համակարգի մարմինների անկախությունը, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Եկեղեցու) ինքնավարությունը։
Արդեն տևական ժամանակ է Հայաստանի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների կողմից ամենաբարձր մակարդակով տեղի են ունենում միջամտություններ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ինքնավարության նկատմամբ՝ ի խախտումն ՀՀ Սահմանադրության և Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի։ Նման միջամտություններն ուղեկցվում են նաև Եկեղեցու սպասավորների նկատմամբ անպարկեշտ խոսույթով, խտրական և ատելության խոսքով ու վիրավորանքով, անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների տարածմամբ՝ հանդիսանալով հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնների խախտում։ Նման գործելաոճը կարող է հասարակության շրջանում նսեմացնել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դերն ու հանգեցնել հանրության բևեռացման և պառակտման՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով լարվածության համար։
Իշխանությունների կողմից Եկեղեցու ներքին որոշումների, կառավարման մարմինների ձևավորման կամ գործունեության վրա ազդելու ցանկացած փորձ դատապարտելի է։ Նման քայլերը ոչ միայն վտանգում են Եկեղեցու ինստիտուցիոնալ ամբողջականությունը, այլև խախտում են հավատացյալների՝ իրենց հոգևոր կյանքը ինքնուրույն կազմակերպելու իրավունքը։
Միաժամանակ ընդգծում ենք, որ ցանկացած անձի վարքագիծ, որը կարող է պարունակել ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, պետք է դառնա քննության առարկա օրենսդրությամբ սահմանված իրավական մեխանիզմների շրջանակներում՝ առանց ինստիտուցիոնալ թիրախավորման և ապահովելով վարույթում ներգրավված բոլոր անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը և զերծ մնալով արդարադատության և իրավապահ համակարգերի վրա ազդեցություն ունենալուց։
Իրավապահ մարմինների գործողությունները, հատկապես զգայուն իրավիճակներում, պետք է լինեն իրավաչափ, ենթադրյալ հանցագործությունների կանխման կամ քննություն ապահովելու ողջամիտ անհրաժեշտությամբ պայմանավորված և համաչափ։
Այս առնչությամբ դատապարտում ենք 2025թ․ հունիսի 27-ին Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրականացված գործողությունները, որոնք, դատելով հրապարակային ուղերձներից, ուղղակիորեն հրահանգված էին գործադիր իշխանության ամենաբարձր մակարդակից։
Անընդունելի ենք համարում իրավապահ մարմինների ծառայողների, այդ թվում՝ դիմակավորված, ներխուժումը Մայր Աթոռ՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալության նպատակով, հատկապես այն պայմաններում, երբ անձի կողմից որևէ դիմադրություն ցույց չէր տրվում։ Ավելին, իրավապահ մարմինների ծառայողների գործողությունները Մայր Աթոռում ունակ են ոտնահարելու հավատացյալների զգացմունքները և ազդելու հանրային համերաշխության վրա։
Միաժամանակ, դատապարտում ենք իրավիճակի համատեքստում, այդ թվում՝ Քննչական կոմիտեի հարակից տարածքներից առանց որևէ իրավաչափ հիմքի և անհրաժեշտության, այդ թվում՝ ուժի գործադրմամբ անձանց, ինչպես նաև անչափահասների բերման ենթարկելու Ոստիկանության ծառայողների գործողությունները՝ խախտելով անձանց անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․
Հանրային իշխանության ներկայացուցիչներից, և հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ձեռնպահ մնալ դատական իշխանության մարմինների և իրավապահ համակարգերի վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց, Հանրային խոսքում լինել զուսպ և պահպանել հանրային ծառայողի էթիկայի և վարքագծի կանոնները, չօգտագործել ատելություն և անհանդուրժողականություն տարածող, խտրականություն և վիրավորանք պարունակող խոսույթ, Քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներից՝ իրականացնել անկախ և արդյունավետ քննություն՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրության և օրենքների պահանջներով, ապահովել հարուցված վարույթներում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը, Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ծառայողներից՝ իրականացնել իրենց գործառույթները անկախ՝ հիմք ընդունելով բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների պահանջները, ձեռնպահ մնալ անհամաչափ և անհարկի ուժի գործադրումից և անձանց իրավունքները խախտելուց։
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Հանուն հավասար իրավունքների կրթական ՀԿ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
Սոցիալ-դեմոկրատիայի պլատֆորմ երիտասարդական նախաձեռնություն
«Ահնիձոր» զարգացման հիմնադրամ
«ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ
«Զարկերակ» համազգային-երիտասարդական նախաձեռնություն
«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ
«ՀԵԲԱ» սոցիալ-կրթական, երիտասարդական ՀԿ
«Ռեստարտ Վանաձոր» երիտասարդական-քաղաքացիական ՀԿ
«Տեղական ժողովրդավարության դպրոց» կրթական հիմնադրամ
Իզաբելլա Սարգսյան, ԵԱՀԿ/ԺՄԻԳ Կրոնի կամ համոզմունքի հարցերով փորձագիտական խմբի անդամ
Գայանե Շագոյան, պ․գ․թ․, մշակութային մարդաբան
Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան
Աշխեն Բաբայան, իրավապաշտպան»,-նշվում է հայտարարության մեջ։