չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Մնացականյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավորի հետ (տեսանյութ)

Մնացականյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավորի հետ (տեսանյութ)

Մարտի 2-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Դիրկ Վիզեյի հետ։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին, որ հայ-գերմանական հարաբերություններն աչքի են ընկնում երկխոսության բարձր մակարդակով, որն արտահայտվում է ոչ միայն երկու երկրների ղեկավարների միջև կանոնավոր շփումներով, արտաքին քաղաքական գերատեսչությունների և օրենսդիր մարմինների ակտիվ փոխգործակցությամբ, այլև բազմաբովանդակ համագործակցությամբ առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներում։ 

Զոհրաբ Մնացականյանը և Դիրկ Վիզեյը մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգային հարցերի շուրջ՝ կարևորելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերակատարությունը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության խթանման հարցում։ Արևելյան գործընկերության համատեքստում երկուստեք ընդգծվեց նաև քաղաքացիների շարժունակության և մարդկանց միջև շփումների բարելավմանն ուղղված քայլերի ձեռնարկումը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի։ 

 

  • Կիսվել: