Միրզոյանը՝ այն մասին, թե երբ չի զգացվի ԵՄ մշտադիտարկման առաքելության անհրաժեշտությունը
Ներկայումս մենք ունենք Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն, որը մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս մասին թուրքական ՀԸ-ին թված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը:
՛՛Առաքելության մանդատը, ինչպես նաև նրա վերջնական նպատակը, կայունության և խաղաղության ամրապնդումն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիր, եթե մենք շարունակենք սահմանազատման գործընթացը, և այս ամենի արդյունքում հասնենք կայունության, ապա սահմանամերձ շրջաններում բնակվող մարդիկ, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից, կզգան անվտանգություն և կկարողանան ապահով կազմակերպել իրենց առօրյա կյանքը, ապա մշտադիտարկման առաքելության անհրաժեշտություն նույնպես չի լինի: Այսպիսով, այն խնդիրները, որոնք Դուք նշեցիք կամ մեր ադրբեջանցի գործընկերները նշել են, լուծելու ամենակարճ և արդյունավետ ուղին խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է՛՛,-նշել է նա: