Մինչև պաշտոն ստանձնելն ունեցել եմ, հայրական տունը չհաշված, երեք բնակարան և մեկ առանձնատուն. Հրայր Թովմասյան
«Ի՞նչ է նշանակում մինչեւ վերջ, ես չեմ պայքարում, ես սովորական իմ աշխատանքն եմ անում, գալիս եմ աշխատանքի, իմ աշխատանքն են անում, գնում եմ տուն»,-այս մասին այսօր ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք մինչև վերջ պայքարելո՞ւ է իր պաշտոնում մնալու համար, թե՞ ոչ:
Հ. Թովմասյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե երբ կհեռանա ՍԴ-ից:
«Երբ որ կլրանա իմ պաշտոնավորման ժամկետը: Երբ որ իրավական առումով այդ ընթացակարգը կլինի այն, որ ես այլևս չպետք է պաշտոնավարեմ»,-ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, էթե արդյոք նրա նկատմամբ իշխանության կողմից կա՞ն ճնշումներ, ինչին ի պատասխան՝ Թովմասյանը խորհուրդ տվեց ինքնուրույն հետևություն անել, եթե հետևում են սոցցանցերին:
ՍԴ նախագահը նաև, ինչպես ինքն ասաց, մի փոքր գաղտնիք բացեց՝ նշելով, որ վերջերս իր՝ Մոսկվա գնալն անձնական պատճառներ ուներ և կապված էր իր որդու առողջության հետ, որը, Թովմասյանի խոսքով, սպորտային տրավմա ուներ:
Հ. Թովմասյանն անդրադարձավ նաև լրատվամիջոցների աղմկահարույց հրապարակումներին՝ կապված իր՝ թերի հայտարարգրված ունեցվածքի հետ:
ՍԴ նախագահը, մասնավորապես, նշեց. «Իմ կնոջ քույրը, իմ կնոջ եղբայրը, իմ հորեղբայրը, իմ քեռու տղաները այն ժամանակահատվածում թե՛ Հայաստանում և թե՛ Հաից դուրս ոչ թե մեկ, երկու, երեք, այլ տասնյակ գույքեր են ձեռք բերել, եթե այդ տեսանկյունից նայենք, ուրեմն ես տարածաշրջանում ամենահարուստ մարդկանցից մեկը կլինեմ: Ես ինչ ունեմ, ինձ բավարար է, եթե հետևեք իմ հայտարարագրերին, կտեսնեք, որ հանրային ծառայող դառնալուց հետո իմ եկամուտները քչացել են: Մինչև պաշտոն ստանձնելը ես ունեցել եմ, հայրական տունը չհաշված, երեք բնակարան և մեկ առանձնատուն, որոնցից երկու բնակարանը և մեկ առանձնատունը վաճառվել են, և գնվել է մեկ բնակարան»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ը հոկտեմբերի 4-ին փակ, գաղտնի քվեարկությամբ ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: Թովմասյանի պնդմամբ՝ այս նախաձեռնությունը ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նա հրաժարվել էր մասնակցել ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը:
Նշենք նաևմ, որ այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Սահմանադրական դատարանը տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի վարույթի ընդունումը մերժել:
Տեսանյութը՝ news.am-ի