«Միջազգային հանրության արձագանքը համարժեք չէր, այլապես ԼՂ բնակչությունը դեռ ԼՂ–ում կլիներ». Օլիվիե Դըկոտինյի
«Ոչ, բնականաբար միջազգային հանրության արձագանքը համարժեք չէր, այլապես ԼՂ բնակչությունը դեռ ԼՂ–ում կլիներ։ Ֆրանսիան բոլոր ջանքերը գործադրեց, այդ ընթացքում 3 անգամ պահանջեց և կարողացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նույնիսկ քննարկումներ ունենալ թե շրջափակման, թե բռնի տեղահանման ժամանակ, բայց միջազգային հանրության արձագանքը համապատասխան չեղավ»։ Այս մասին «Հայաստանի հանրային ռադիո»–ի հետ հարզազրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ պատասխանելով հարցին, բավարա՞ր է համարում միջազգային հանրության արձագանքը Արցախի հայաթափմանը։
«Ինչ վերաբերում է ԼՂ բնակիչների վերադարձին իրենց օջախներ, ապա դա իրավունք է։ Դա վարկած չէ, դա իրավունք է։ Այդ իրավունքը ճանաչվել է արդարադատության միջազգային դատարանի կողմից 2023թ․ նոյեմբերի 17-ի որոշմամբ, և այդ որոշումը պարտադիր ուժ ունի, այսինքն՝ Ադրբեջանը պարտավոր է կատարել դա։ Այդ որոշման մեջ նաև մանրամասն նշված են վերադարձի չափանիշներն անվտանգության, ժառանգության պաշտպանության առումով, մշակութային կամ կրոնական իրավունքների առումով։ Ամեն ինչ գրված է սևով սպիտակի վրա»,–ասել է նա։
Օլիվիե Դըկոտինյիի խոսքով, Ֆրանսիայի դիրքորոշումն ևս շատ հստակ է՝ նախևառաջ աջակցություն ցուցաբերել բռնի տեղահանվածներին և Հայաստանին, որը նրանց ընդունել ու հյուրընկալել է։ Նա նշել է, որ Ֆրանսիան ցուցաբերված մարդասիրական օգնության ծավալներով այս առումով առաջինն է եղել 2023–ի վերջին ամիսներին և 2024–ին՝ աջակցելով նրանց՝ հաստատվել այստեղ, բայց առանց վերադարձի իրավունքի իրենց դիրքերը երբևէ զիջելու։
Անդրադառնալով Տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությանը, դեսպանն ասել է.
«Կոմունիկացիաների ապաշրջափակման առնչությամբ հենց Հայաստանի կողմից է եղել մի առաջարկ, որին Ֆրանսիան աջակցում է․ դա «Խաղաղության խաչմերուկի» նախագիծն է։ Կարծում ենք, որ սա շատ լավ մոտեցում է, որովհետև առաջարկվում է իսկապես ապաշրջափակել հաղորդակցման ուղիները, բայց դա պետք է արվի ինքնիշխանության հիման վրա, յուրաքանչյուրն՝ իր տարածքում՝ փոխադարձության և հավասարության սկզբունքով»։