Մի բան է հարձակվել ՀԱՊԿ անդամի վրա, մի այլ բան՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած երկրի. Ալեն Սիմոնյան
ԵԱՏՄ-ն Հայաստանի համար տնտեսական առումով ձեռնտու կառույց է և մենք որևիցե միտում չունենք ԵԱՏՄ-ն լքելու և ուզում ենք շարունակել: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է նրան, թե ԵՄ-ն ի՞նչ անվտանգություն է Հայաստանին տալիս, ԱԺ նախագահն արձագանքեց. «Այն, որ ՀՀ-ն այսօր ժողովրդավարական երկիր է, ամենաբարձր անվտանգային բարձիկներից մեկն է: Այն, ՀՀ սահմանին գտնվում է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, ակնհայտ է, որ մեր սահմանների անվտանգության մասով մեծ դեր է խաղում»:
Հարցին՝ կխանգարի՞ Ադրբեջանին դիտորդների ներկայությունը, եթե նա որոշի հարձակվել Հայաստանի վրա, Սիմոնյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ եթե չխանգարեն, այդքան բացասական արձագանք մենք Ադրբեջանից չենք լսի ամենաբարձր մակարդակով: Վերջիվերջո, իսկ ինչի՞ պիտի չխանգարեն: Որևիցե մեկը չէր ենթադրում, որ դիտորդները պետք է կրակեին որևիցե մեկ կողմի վրա։
Բոլոր սադրանքները, բոլոր հարձակումները, գործողությունները հակառակորդի կողմից տեղի էին ունենում հետևյալ սցենարով. հայտարարվում էր, որ հայկական կողմից կրակել են, հետո հայտարարվում էր, որ հայկական կողմը զորք է բերում: Նույնիսկ Ղարաբաղի վրա հարձակումը այդ ձևով մեկնաբանվեց: Եկեք մի հատ համեմատեք 2024 թվականի լարվածությունը սահմանին և նույնիսկ մինչև 2018 թվականի լարվածությունը: Մի բան է հարձակում գործել հարձակում գործել ՀԱՊԿ-ի անդամ երկրի վրա և մի բան է հարձակում գործել ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած, ԵՄ ժողովրդավարության արժեքները կիսող և բարձր ժողովրդավարության մակարդակ ունեցող երկրի վրա»: Դրանք տարբեր իրականություններ են:
Ոչ մի բան միանշանակ չէ, բայց դա չի նշանակում, որ մենք բոլոր հնարավոր քայլերը չպետք է անենք: Միանշանակ կարելի է յուրաքանչյուր երկրի վրա հարձակվել և դրա օրինակները շատ են, բայց այն, ինչ որ մենք անում ենք, ասել՝ դե եկեք դա չանենք, որովհետև դեպքը եղել է, որ հարձակվել են։ Եկեք բանակ էլ չունենանք, մեծ հաշվով Թուրքիայի և Ադրբեջանի պես երկու մեգա երկրի դեմ կռիվ անելը քանակով էլ չենք կարող, բայց դա չի նշանակում, որ մենք բանակ պետք է չունենանք»: