ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մերի Գալստյանը Դեյվիդ Մորանին ններկայացրել է բնապահպանական կառավարման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի օրակարգում ձեռնարկված գործողությունները

Մերի Գալստյանը Դեյվիդ Մորանին ններկայացրել է բնապահպանական կառավարման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի օրակարգում ձեռնարկված գործողությունները

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը հանդիպել է Կասպյան քաղաքականությունների կենտրոնի Միացյալ Թագավորության գլխավոր խորհրդական, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Մերի Գալստյանը ներկայացրել է բնապահպանական կառավարման և մասնավորապես կլիմայի փոփոխության դեմ պայքարի օրակարգում ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ձեռնարկված գործողությունները: Մասնավորապես, պատգամավորը ներկայացրել է ՀՀ կառավարության ներքո ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովների աշխատանքների շրջանակներում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի դրույթներից բխող հանձնառությունների կիրարկման ընթացքը, սահմանված ուղենիշներն ու դրանց հասնելու ժամկետները, Ազգային մակարդակով սահմանված գործողությունների՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրի և Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրի աշխատանքների ընթացքը:

Մերի Գալստյանը նշել է, որ «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը մշակման ավարտական և շահագրգիռ գերատեսչությունների կողմից կարծիքների հավաքագրման փուլում է: Պատգամավորը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ խորհրդարանականների համար և մասնակցությամբ կազմակերպվող ամենամյա Կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաժողովի և վերջինիս հաջորդող գործողությունների մասին:

Մասնակիցները մտքեր են փոխանակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի օրակարգի առաջմղման ուղղությամբ ջանքեր գործադրելու կարևորության, այդ գործընթացում հանդիպող մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությունների շուրջ:

Որպես Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Միացյալ Թագավորության Կառավարության կլիմայի (COP26) և Էներգետիկայի գծով նախկին դեսպան՝ Դեյվիդ Մորանը հետաքրքրվել է 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքով, ներկայացրել 2021 թվականին Գլազգոյում կայացած ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի կազմակերպման իրենց փորձը, նշել, որ նման մասշտաբի միջոցառում կազմակերպելը, իսկապես, մեծ մարտահրավեր է, սակայն չափազանց կարևոր՝ բովանդակության, ուղերձների, կլիմայի փոփոխության օրակարգի շուրջ աննախադեպ ուշադրություն կենտրոնացնելու, ամուր և երկարաժամկետ միջազգային համագործակցություն խթանելու տեսանկյունից:

Մերի Գալստյանը ներկայացրել է Հայաստանում կայանալիք COP17 աշխատանքների համակարգման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները, կատարված գործողությունները, առկա կարիքները: Մասնակիցները քննարկել են փորձի փոխանակման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հնարավորությունները հետագա համագործակցության շրջանակում:

 

  • Կիսվել: