հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
«Մեր նպատակը որքան հնարավոր է շուտ արտահերթ ընտրության գնալն է». Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար

«Մեր նպատակը որքան հնարավոր է շուտ արտահերթ ընտրության գնալն է». Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար

Ըստ օրենքի՝ մենք երկշաբաթյա ժամկետում պետք է համայնքի ղեկավար ընտրենք, չեմ բացառում, որ գուցե ևս մեկ նիստ նախաձեռնենք այդ օրակարգով։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։

 

«Մենք նիստը հրավիրել ենք, որպեսզի որոշենք համայնքի ղեկավարի ընտրության հարցը։ Օրենքն ասում է, որ մենք նիստը պետք է հրավիրենք, հետո որոշենք համայնքի ղեկավարին, քանի որ մեր նպատակը որքան հնարավոր է շուտ արտահերթի գնալն է, մենք այս դեպքում՝ օրեր ենք կրճատել, որպեսզի այդ պրոցեսը արհեստականորեն չերկարաձգվի»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ իրենք կարծում են, որ առանց «Բալասանյան դաշինքի» այս ավագանին այլևս լեգիտիմ չէ, ուստի ճիշտ չէր լինի այս ավագանուց ընտրեին համայնքի ղեկավար։

 

Անդրադառնալով մեղադրանքներին, որ իշխանությունների «ռեկետի» եւ քրգործերի ակտիվացման արդյունքում են ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության անդամները դրել մանդատները, իսկ քաղաքապետն էլ հրաժարական տվել, Հարությունյանն ասաց. «Որպես Գյումրիի բնակիչ՝ ինձ էլ հետաքրքիր է, թե ինչու է «Բալասանյան» դաշինքն այդպես վարվել, ինչու իրենք այդպես էլ այս ամբողջ ընթացքում հանդես չեկան պաշտոնական հայտարարությամբ ու չբացատրեցին, թե ինչու են այդպես վարվել»։

 

Հարցին՝ ինչու հանկարծ հիշեցին Սև բերդի տարիներ առաջ գործարքի մասին, եւ ձերբակալություններ եղան, նա պատասխանեց. «Քաղաքական ու իրավական պրոցեսները առհասարակ չպետք է խառնել իրար, դրանք տարանջատված են, տեղի է ունեցել իրավական պրոցես։ Ես իրավական պրոցեսը քաղաքականացնելու միտում չեմ տեսնում»։ Դիտարկմանը, թե իրավական պրոցեսներով ճնշել են՝ նա պատասխանեց. «Դա մեր աշխատելաոճը չէ»։

  • Կիսվել: