կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Մեր նպատակն է՝ գալ իշխանության. Չալաբյան

Մեր նպատակն է՝ գալ իշխանության. Չալաբյան

«Մենք արդեն ներկայացրել ենք մեր տեսլականն ու սկզբունքները եւ կոչ ենք արել մեր համակիրներին՝ միանալ մեր գաղափարախոսության շուրջ»,-դիմելով լրագրողներին՝ այսօր «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ասաց կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը:

«Ամեն կուսակցություն, կախված նրանից, թե ընտրողներն իրեն ի՛նչ քվե են տալիս, ինչ-որ պահի կարող է լինել ընդդիմություն, ինչ-որ պահի էլ կարող է լինել իշխող կոալիցիայի մաս կամ կոալիցիայի ղեկավար: Այս պահին մենք, բնականաբար, արտախորհրդարանական կուսակցություն ենք ստեղծում եւ դիրքավորվում ենք որպես ընդդիմություն եղած իշխանությանը, որը չի նշանակում, թե հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստվում ենք ընդդիմադիր լինել: Դա կախված է նրանից, թե ընտրողը մեզ ինչ քվե կտա: Մեր նպատակը չէ  դառնալ ընդդիմություն, մեր նպատակն է գալ իշխանության եւ որպես այդպիսին իրականացնել մեր քաղաքական ծրագրերը»,-անդրադառնալով այն հարցին, թե ընդդիմադի՞ր են լինելու, թե՞ ոչ՝ պատասխանեց Չալաբյանը:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ իրենց ծրագրերն իրականացնելու համար չեն սպասելու այնքան, մինչև դառնան իշխանություն, այլ արդեն իսկ սկսելու են իրենց գործունեությունը՝ որպես ընդդիություն:

Չալաբյանը խոսեց նաև ընտրություններին իրենց մասնակցության ձևի ասին և ասաց, որ կանխատեսումներ չեն ուզում անել, երբ ընտրությունները մոտենան, կորոշեն, թե ինչ ձևաչափով պիտի մասնակցեն:

Նա հավելեց նաև, որ իրենցն աջակենտրոն կուսակցություն է, և կհամագործակցեն այն կուսակցությունների հետ, որոնք ևս կլինեն կենտրոնամետ և կունենան ազգային ուղղվածություն:

  • Կիսվել: