երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Մեր իշխանության գալուց հետո առաջին տարվա ավարտին ռազմական բյուջեն 1 մլրդ դոլարից ավել է լինելու. Թաթոյան

Մեր իշխանության գալուց հետո առաջին տարվա ավարտին ռազմական բյուջեն 1 մլրդ դոլարից ավել է լինելու. Թաթոյան

Մենք ներկայացրել ենք քայլեր, որոնք տանում են մեզ ապահով խաղաղություն։ Այս մասին այսօր՝ հունվարի 28–ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, մեզ պաշտօպանելու կարողություն։ Եթե մենք չունեցանք ինքներս մեզ պաշտպանելու կարողություն, և մեր խաղաղությունը կախված եղավ ուրիշի կամքից, ուրիշի թելադրած պայմաններից, դա խաղաղություն չէ, վտանգավոր ինքնախաբեություն է մեր ապագայի համար։ Որևէ բան նշանակություն չունի, եթե դու չունես անվտանգություն»,–ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ այս իշխանությունների օրոք հնարավոր չէ ապահովել ապահով խաղաղություն։
Թաթոյանը հայտարարեց, որ երբ իրենք գան իշխանությանը, օրենսդրությունը կամրագրեն, որ բանակի ֆինանսավորումը չի կարող ՀՆԱ–ի 8 տոկոսից ցածր լինել. «Սա նշանակում է, որ մեր պաշտոնավարմանը հաջորդող տարվա բյուջեով մեկ մլրդ դոլարից ավել է լինելու պաշտպանական բյուջեն, քան այսօր կա։ Երկրորդը, մեր պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին, այո, մենք արդեն խոսում ենք ռազմական հավասարակշռության մասին։

Էդ որ ասում են՝ էս մեկը մեզնից ուժեղ է, այն մեկը ուժեղ, այսինքն չհասկացա, որևէ մեկը կարող է ասել, որ մենք ուժեղ չպետք է լինե՞նք։ Բա եթե չպետք է ուժեղ լինենք և պետք է անընդհատ հույս ունենաք, որ այս մեկի բարի կամքից է կախված, ո՞նց քծնենք, ինչ անենք, որ մեզ թույլ տա ներքին քաղաքական հարցերում խաղաղությունից խոսենք, բայց իրականում չկա դա, պատրանքային վտանգն է թևածում։

Այո, մենք պետք է լինենք ուժեղ, պետք է կարողանանք ձեռք բերել կարողություն ինքներս մեզ պաշտպանելու։

Դա միայն սպառազինությունը չէ, դա ռազմարդյունաբերությունն է։ Մենք հայտարարել ենք, որ ռազմարդյունաբերական համալիրը պետք է լինի տնտեսության ճյուղ, մենք պետք է ժամանակակից տեխնոլոգիաներով շարժվենք»,– հայտարարեց Թաթոյանը։

Նա նաև նշեց, որ իրենք հրապարակելու են 44–օրյա պատերազմի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ չհրապարակի՝ դրանով նա փորձում է կոծկել իր ձախողումները։

  • Կիսվել: