Մենք մեր կողմից ռազմական գործողություն չենք սկսելու. Արսեն Թորոսյան
Բաքվից հնչող ամենօրյա ապատեղեկությունները տեղեկատվական սադրանք են, կարծիք է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը: Ըստ նրա՝ դրանց առաջին նպատակը մեր երկրում կայունությունը խաթարելն է, վախի մթնոլորտ տարածելը:
«Պաշտպանության նախարարության ու ԵՄ դիտորդների պարզաբանումները փարատում են կասկածները, որ կրակոց կա: Ուզում եմ հավելել, որ փաստական տվյալ չի ներկայացվում, որովհետև գիտենք, որ և՛ մեր կողմից, և՛ իրենց կողմից տեսախցիկներ են տեղադրված, և մենք տեսել ենք, որ տեղեկատվական պրովոկացիաները նաև դրանով էին զուգորդվում: Եվ երկրորդը՝ ես կարծում եմ՝ Ադրբեջանի համար անսպասելի էր արագ համաձայնեցումը խաղաղության պայմանագրի, և նրանք նաև խնդիր են տեսնում իրենց անսպասելիությունից դուրս գալու, ինչու ոչ, իրենց քաղաքական գինը թանկացնելու տարբեր դերակատարների մոտ, ցույց տալու, որ ՀՀ-ն դեստրուկտիվ է, մենք էլ զոհի դերում ենք: Սա տեսնելով ոչ առաջին անգամ՝ մեր անելիքներում որևէ բան չպետք է փոխվի: Կարևորը՝ մեր անելիքներում որևէ բան չպետք է փոխվի, մեր ՊՆ-ն պետք է պատրաստ լինի արձագանքել, բայց մենք մեր կողմից ռազմական գործողություն չենք սկսելու, որովհետև ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը»,- նշել է նա, գրում է 1lurer.am-ը: