Մենք չենք խառնվում ոչ մեկի ներքին հարցերին. Զատուլին
ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն այսօր՝ Երևանում լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել Հայաստանի ներքին քաղաքական հարցերը։
«Մենք չենք խառնվում անդամ պետություններից ոչ մեկի ներքին հարցերին, ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ անդամ պետությունների։ Դրա համար չեմ ուզում ՀՀ ներքին խնդիրներին անդրադառնալ, մեկնաբանել ներքին քաղաքական հարցեր»,- նշեց Զատուլինը։
Նա միաժամանակ ասաց, որ իրենք հետևում են ՀՀ-ում ծավալվող իրադարձություններին, այնպես, ինչպես, ըստ իրեն, կարծում է, որ Հայաստանից են հետևում, թե ինչ է տեղի ունենում ՌԴ-ում:
«Այո, Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական դեմքերի փոփոխություն, ոչ միայն առաջին դեմքերի, այլև մնացած բոլոր ենթակառուցվածքների: Իրար ճանաչելու գործընթացը դեռ շարունակվում է», - ընդգծեց նա։