կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Մարտուն Գրիգորյանը «kinder surprise» դարձավ. Վահագն Ալեքսանյան

Մարտուն Գրիգորյանը «kinder surprise» դարձավ. Վահագն Ալեքսանյան

Գյումրիի քաղաքապետը, մեծ հաշվով, ոչ մի որոշում չի կայացնում, որոշումները կայացնում է ավագանին: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Հարցին՝ ՔՊ-ն ինչպե՞ս է համագործակցելու Գյումրիի քաղաքապետի հետ, նա պատասխանեց. «Ավագանիում ամենամեծ խմբակցությունը չէ, որ պետք է համագործակցության եզրեր փնտրի: Ովքե՞ր են ավագանիում մեծամասնություն: Ասենք, Մարտուն Գրիգորյանը և Վարդան Ղուկասյանը համատեղ մեծամասնությո՞ւն են: Մարտուն Գրիգորյանն այնպիսի մի տեքստ է գրել Վարդան Ղուկասյանին միանալու հետ կապված, որ քիչ էր մնում տակը գրված լիներ՝ ճիշտ է, կքվեարկեմ, բայց... Այսինքն հետագա համագործակցությունը գրեթե բացառող տեքստ է գրել: Հիմա իրենք իրար հետ կոալիցիա՞ են կազմում: Եթե կոալիցիոն հուշագիր են ստորագրում, այո, դառնում են մեծամասնություն:

Մարտուն Գրիգորյանն ասում է՝ մեկ անգամ քվեարկելու ենք, բայց հետագա պատասխանատվությունը չենք կրում:

Մենք Վարդան Ղուկասյանի հետ համագործակցություն չենք փնտրելու: Մենք շարժվելու ենք մեր նախընտրական ծրագրի դրույթների համաձայն: Հիմա կուզե՞ն մեր ծրագրի դրույթներին կողմ քվեարկել, թող կողմ քվեարկեն»:

Հարցին՝ ապրիլի 16-ին Գյումրիի առագանու անդրանիկ նիստում անակնկալներ լինելո՞ւ են, Ալեքսանյանը պատասխանեց. «Տեղով անակնկալ են: Օրինակ, Մարտուն Գրիգորյանից անակնկալները հարցրեք, ինքը էդ գծով խիստ պրոֆեսիոնալ է դարձել: Իր՝ Վարդան Ղուկասյանին միանալը խիստ անակնկալ էր, «kinder surprise» էր»:

 

Մարտուն Գրիգորյանը հայտարարել էր, որ երեք ուժերը միանալու են Վարդան Ղուկասյանին, դրանից հետո նա ասել է՝ ես մի ծրագիր եմ բացահայտել, որ ՔՊ-ն փորձում է Վարդան Ղուկասյանի միջոցով քաղաքը տանի, հետո ինքը գնացել Վարդան Ղուկասյանի միջոցով քաղաքը տանելու»:

  • Կիսվել: