շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մարտուն Գրիգորյանին ոխերիմ թշնամի չեմ ճանաչում, ես ոչ մեկի դուռը չեմ գնա. Վարդան Ղուկասյան

Մարտուն Գրիգորյանին ոխերիմ թշնամի չեմ ճանաչում, ես ոչ մեկի դուռը չեմ գնա. Վարդան Ղուկասյան

Առաջին քայլը լինելու է կադրայինը, թե ում հետ ենք աշխատելու: Այս մասին, այսօր Գյումրիի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը:

«Երկրորդ քայլն այն է, որ  պետք է անպայման թեկնածուներին հրավիրեմ ինձ հետ քննարկելու բոլորիս ծրագրերը և վերջում ընդհանուր հայտարարի գալուց հետո անցնելու ենք մեր ծրագրերի իրականացմանը։ Օրինակ կոնկրետ աշխատավարձերի բարձրացման հարցն եմ բարձրացնելու և դրա լուծումները, թե բյուջեն ոնց ենք ավելացնելու, որ կարողանանք մարդկանց աշխատավարձը բարձրացնենք։ Ես գիտեմ՝ դա ինչ սկզբունքով պիտի անենք, ոնց պիտի անենք և որտեղից պետք է բյուջեն ավելացնենք: ՔՊ-ի թեկնածուին էլ ենք հրավիրելու»,-ասաց նա:

Հարցին՝ Մարտուն Գրիգորյանին շնորհակալություն հայտնելո՞ւ է, որ իրեն քաղաքապետ դարձրեց իր գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքը, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Գիտեք, այդպես ասելը մի քիչ սիրուն չէ, բայց ես երբ տեսնեմ, ի՞նչ է պատահել, ես խնդիր չունեմ, ես իրենց ոխերին թշնամի չեմ ճանաչում, ես իրենց ազգի հետ, իրենք մեր ազգի հետ շատ բարիդրացիական հարաբերություններ ունենք: Ուղղակի դուք որ չխառնեք, ամեն ինչ լավ է»:

Ինչ վերաբերում է տեսակետին, որ իր հաղթանակը պյուռոսյան հաղթանակ է, քանի որ ամեն անգամ կարևոր որոշումներ կայացնելիս պիտի Մարտուն Գրիգորյանի դուռը գնա, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ես ոչ մեկի դուռը չեմ գնա, ես կապրեմ այնպես, ինչպես ապրել են ընդդիմադիր քաղաքապետերը։ Ես ոչ մեկի դուռ չեմ գնում ընդհանրապես։ Համերաշխությունը ներողամտությունը իմ զենքն են, ես դրանով միշտ առաջնորդվել եմ, իմ ամբողջ կյանքում»:

  • Կիսվել: