Մարդիկ ասում են՝ դեմ ենք թանկացմանը, բայց ամաչելով վճարում ենք. Մենք ասում ենք՝ թող ամաչեն թալանողները. Ավագանու անդամ
Ակնհայտ է, թե շոուով ով է զբաղվում. ավագանու նիստին մենք եկել էինք բովանդակային հարցեր տալ տրանսպորտի թանկացման վերաբերյալ, իրենք նախընտրեցին կազմակերպել շոու, որ այդ բովանդակային հարցերը շհնչեն, իրենք էլ ստիպված չլինեն ակնհայտ ի ցույց դնել հանրությանը, որ այդ հարցերի պատասխանը չունեն։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը, ով արդեն 4-րդ օրն է՝ մասնակցում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտին եւ կոչ է անում քաղաքացիներին չվճարել ուղեվարձի համար::
«Մենք շոուով չենք զբաղվում, մենք ավագանու անդամներ ենք, մեր պարտականությունն է պաշտպանել Երևանի քաղաքացիների շահերը: Մենք անցկացնում ենք իրազեկման ակցիաներ և ակնհայտ երևում է, որ շատ մարդիկ, ինչքան էլ զարմանալի է, տեղեկացված չեն, այդ իսկ պատճառով լավ է, որ մենք այս աշխատանքը անում ենք:
Երկրորդ մեծագույն խնդիրներից մեկը այն է, որ մարդիկ ունեն մեր ֆիզիկական ներկայության և աջակցության կարիքը: Ոչ թե որովհետև վախենում են կամ իրենց մեկը սպառնում է, այլ մեր ազգի կեցվածքի հետ չի բռնում նստել չվճարելը: Մարդկանց հարցնում ես՝ դե՞մ եք, ասում են՝ այո, ասում ենք՝ վճարե՞լ եք, ասում են՝ դե ամաչում ենք: Դրա համար մենք այստեղ գալիս ենք մարդկանց ասում ենք, որ ամոթը պետք է զգա նա, ով այս թալանն անում է չպետք է ամաչեն մարդիկ, որոնք թալանվում են»,-ասաց Հակոբյանը: