Մակրոնի հայտարարություններում բացակայում է ԼՂ հակամարտության ըմբռնումը. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ կոռեկտ և անընդունելի է համարել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում Ռուսաստանի դերի մասին:
Ելույթ ունենալով Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստում ՝ Պուտինը հայտարարել է, որ զարմանքով կարդացել է Ֆրանսիայի նախագահի որոշ մտքեր, որոնք հնչել են Պրահայի հանդիպման արդյունքներով:
ՌԴ նախագահը կարծում է, որ այդ խոսքերում բացակայում է հակամարտության ըմբռնումը, բացակայում է կողմերի դիրքորոշման մասին տեղեկատվությունը:
«..Այդ պատճառով էլ դրանք հնչել են ոչ կոռեկտ կամ խեղաթյուրված, ուստի անընդունելի են»,- նշել է ՌԴ նախագահը: Նա ենթադրել է, որ հնարավորություն կլինի հարցը քննարկել անձամբ Ֆրանսիայի նախագահի հետ։
Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է կարգավորել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ կապված Ղարաբաղի հետ։ «Իհարկե մենք ողջունում ենք որևէ մեկի միջնորդական ջանքերը, կարևորը, որ դրանք նպաստեն իրավիճակի հանդարտեցմանը, լինեն չկարգավորված հակասությունների և հակամարտությունների բոլոր մասնակիցների օգտին»,–ասել է Պուտինը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները սադրելու համար:
«Ի՞նչ է տեղի ունեցել սահմանին վերջին երկու տարում։ 5000 ռուս զինվորներ գտնվում են այնտեղ՝ իբր թե սահմանների պահպանությունը երաշխավորելու համար, սակայն ռուսներն օգտվեցին այս հակամարտությունից, ադրբեջանական խաղը խաղացին՝ թուրքական մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, մի երկիր, որի հետ նախկինում մտերիմ էին»,- ասել է Մակրոնը։


