երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Լուրեր են շրջում, որ «Իմ քայլը» նախաձեռնում է արտահերթ նիստ. Էդմոն Մարուքյան

Լուրեր են շրջում, որ «Իմ քայլը» նախաձեռնում է արտահերթ նիստ. Էդմոն Մարուքյան

Ըստ մեր տեղեկությունների` օրակարգում նախագծերի մեկ փաթեթ է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Այս մասին գրառում է կատարել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Սիրելի՛ քաղաքացիներ,
Հարգարժա՛ն գործընկերներ,

Լուրեր են շրջում, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փետրվարի 6-ին նախաձեռնում են արտահերթ նիստ։ Ըստ մեր տեղեկությունների` օրակարգում նախագծերի մեկ փաթեթ է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Այս մասին Ազգային ժողովի պաշտոնական կայքում երեկ դրված տեղեկատվությունը հանվել է, սակայն նախագծերն արդեն հրապարակված են։

 

Փաթեթով մասնավորապես առաջարկվում է՝

- Մինչ Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով, դարձնել ոչ պարտադիր; նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով,

- Ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը, որն այժմ պատկանում է Հանրապետության նախագահին,

- Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունն անցկացնել Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստերի ընթացքում։

 

Գտնում ենք, որ նման հիմնարար փոփոխությունները չպետք է կատարվեն արտահերթ ընթացակարգով։

Սահմանադրական փոփոխությունների ընդունման, Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության, Հանրապետության նախագահի լիազորությունների կրճատման հետ կապված փոփոխությունները, կարծում ենք, պետք է անցնեն Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին:

Առայժմ այսքանը»:

  • Կիսվել: