Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը:
«Այսօր շատ կարևոր օրերից մեկն է մեր թիմի համար` ներկայացնելու ենք տարեկան կատարված աշխատանքները: Որոշ մարդիկ ինչ-որ տեղերից իմանալով, որ հենց այսօր է այդ օրը, փորձում են էմոցիոնալ «ճայթքումներ» առաջացնող հոդվածներով ազդել ընթացքի վրա: Բայց ախր չեք կարող ցուցանիշները հետ պտտել, դրանք անփոփոխ են անցած տարվա համար։
Եվ առողջական վիճակով պայմանավորված տարկետումը բավական է շահարկեք տարին մի քանի անգամ պատվիրված թանկարժեք հոդվածներով, չհոգնեցի՞ք»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթն այսօր գրել էր. ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ Լենա Նանուշյանը, օգտվելով իրեն ընձեռված հնարավորություններից, որդու առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր է հավաքել, որոնցով կարողացել է նրան վերջնականապես ազատել զինծառայությունից՝ առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի լինելու հիմքով:
Բացի այս սկանդալից, կա ևս մեկը. Լենա Նանուշյանը ամեն բան անում է, որ դիրքերն ամրացնի, և Ավանեսյանի շուրջ պրկված օղակի գործելուն պես, երբ նախարար Անահիտ Ավանեսյանը լքի պաշտոնը, ինքը գրավի նախարարի աթոռը։
Ասել է թե` Անահիտ Ավանեսյանի տեղակալը գործում է իր դեմ և գաղտնի պլաններ է գծում առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի հետ միասին։
«Ժողովուրդը» փորձեց Նանուշյանից մեկնաբանություններ ստանալ, բայց ապարդյուն»։