Լեգիտիմության միակ աղբյուրը ժողովուրդն է. Փաշինյանը՝ ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու վերաբերյալ ընդդիմադիրների հայտարարությունների մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարություններին, թե Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները լեգիտիմ և օրինական չեն։
ՀՀ վարչապետը թեմային անդրադարձել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ես ուզում եմ, որ մենք չմոռանանք, որ կա լեգիտիմության մեկ աղբյուր, դա ժողովուրդն է։ Ժողովուրդն է գնահատում՝ իր ընտրությունը տեղի՞ է ունեցել, թե՞ տեղի չի ունեցել։ Եթե որևէ մեկը դիտելու գոնե բավարար հմտություն ունի, անզեն աչքով կնկատի, որ ժողովուրդն արձանագրել է, որ իր ընտրությունը տեղի է ունեցել և արձանագրվել է ընտրությունների պաշտոնական արդյունքներով»,- հայտարարել է վարչապետը։
Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի այն փաստի առնչությամբ, որ 7 քաղաքական ուժեր ընտրությունների արդյունքները վիճարկել են Սահմանադրական դատարանում, Փաշինյանը նշել է, որ այդ հարցի շուրջ դիրքորոշում չի հայտնելու, որովհետև կոռեկտ չի համարում։
«Մեր դիրքորոշումներ մեր թիմի ներկայացուցիչները կներկայացնեն Սահմանադրական դատարանում, որովհետև ես Սահմանադրական դատարանից գրություն եմ ստացել, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը Սահմանադրական դատարանում ներգրավվել է որպես երրորդ կողմ»,- ասել է ՀՀ վարչապետը։
Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։
««Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Նոր ուժ» կուսակցությունն ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներ են ներկայացրել Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն որոշել է միավորել բոլոր դիմումները և դրանք քննել մեկ նիստում։ Նիստը տեղի կունենա հունիսի 26-ին։


