Կործանարար է այն մոլորությունը, թե պետությունը պարզապես ինքն իրեն գործարկվող վերացական մեխանիզմ է. ֆինանսների նախարար
Վարչապետը հանդես եկավ իրական Հայաստանի գաղափարախոսության մասին էական ուղերձով, որի բովանդակության 6-րդ և 10-րդ կետերը շեշտադրում են հարկային օրենսդրության դերը՝ որպես պետության զարգացման համար անհրաժեշտ միջոցների ապահովման գործիք, և հզոր տնտեսության կառուցման կարևորությունը՝ որպես պետության ամրության հիմնական նախադրյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Կործանարար է այն մոլորությունը, թե պետությունը պարզապես ինքն իրեն գործարկվող վերացական մեխանիզմ է, որտեղ մեր դերն աննկատ կամ երկրորդական է։ Պետության կենսունակությունը կախված է յուրաքանչյուրիս մասնակցությունից, և յուրաքանչյուր քաղաքացի ունի ոչ միայն իրավունքներ, այլև պարտավորություններ՝ իր գործով, վճարած հարկերով, հասարակական մասնակցությամբ ու գիտակից վերաբերմունքով:
Հարկերն ապահովում են ոչ միայն տնտեսության բնականոն զարգացումը, այլև պետական կառավարման, կրթության, առողջապահության, ազգային անվտանգության և հասարակական ենթակառուցվածքների կայունությունը։ Դրանք ուղղակի ներդրում են իրավական, պաշտպանված և մրցունակ պետություն կառուցելու գործում։ Արդյունքում՝ պետությունն է, որ վերադարձնում է այդ ներդրումը՝ ապահովելով կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների այն համակարգը, որը հետո նույն կերպ ծառայում է մեզ և մեր ընտանիքներին:
Ի վերջո, ակնհայտ է, որ այն ծախսերը, որոնք պետությունն է անում, բնորոշ չեն առանձին անհատների կամ մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից կատարվող ծախսերին: Պետությունը, միջոցներ ծախսելով համապետական նշանակության այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են, օրինակ, գլոբալ տաքացման հիմնախնդիրը, սոցիալական արդարության վերականգնումը, մարդկային կապիտալի զարգացումը, հասարակության բոլոր անդամների համար հավասար իրավունքների ստեղծումը, ստանձնում է առանցքային դեր այն կարևոր ոլորտներում, որտեղ պետությունից բացի ոչ ոք, միայն սեփական առաջնահերթություններով առաջնորդվելով, չի իրականացնում այդքան կարևոր, բոլորիս բարեկեցության համար խիստ անհրաժեշտ ներդրումները»,- գրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։