Կիպրոսը հանձնառու է խթանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ Կիպրոսի նախագահի գրասենյակ
Կիպրոսի նախագահի գրասենյակն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին՝ նշելով, որ Հանրապետությունն իր հարգանքն և համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին և հանձնառու է խթանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Կիպրոսի նախագահի գրասենյակի X-ի պաշտոնական միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք համակարգված կերպով ոչնչացվեցին ժամանակակից պատմության ամենաողբերգական էջերից մեկի ժամանակ։
Կիպրոսի Հանրապետությունն իր հարգանքը և համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին՝ հիշեցնելով, որ պատմական հիշողության պահպանումը և ճշմարտության ճանաչումը յուրաքանչյուր հասարակության բարոյական պարտականությունն է, որը հարգում է մարդու իրավունքները և արդարադատության հիմնարար արժեքները։
Որպես անարդարություն և միջազգային իրավունքի խախտում ապրած երկիր՝ մենք վերահաստատում ենք մեր անսասան հանձնառությունը՝ խթանելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Հիշողությունը մնում է կենդանի»,-նշված է գրառման մեջ։
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ X-ի իր միկրոբլոգում գրառում է արել նաև Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը։
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հիշում ենք զոհերին և ճանաչում մարդկության դեմ կատարված հանցագործության չդադարող ցավը։ Պաշտպանելով ճշմարտությունն ու արդարությունը՝ մենք պահպանում ենք «այլևս երբեք» խոստումը»,- գրել է նախարարը։
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Կիպրոսի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ էլ ասված է.
«Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հարգում ենք զոհերի հիշատակը և համերաշխություն ենք հայտնում բոլորին, որոնք կրում են նրանց ժառանգությունը։ Մենք վերահաստատում ենք մեր համատեղ պարտականությունը՝ «այլևս երբեք»»։