Խուճապն ավելի լուրջ է, ոչ ճիշտ հետեւանքներ կարող է ունենալ․ Նարեկ Զեյնալյանը՝ քարոզարշավը հետաձգելու հնարավորության մասին
Պետք չի թերագնահատել իրավիճակը, պետք է լուրջ պատրաստվել այս ամենին, բայց նաեւ պետք չի հանիրավի խուճապային տրամադրություններ ստեղծել, որը կատարվում է նաեւ որոշ լրատվամիջոցների կողմից։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
«Այս իրավիճակին պետք է վերաբերվել բավականին լուրջ, բայց առաջացած խուճապն ավելի լուրջ է, ոչ ճիշտ հետեւանքներ կարող է ունենալ, քան կշռադատված, հստակ տվյալների վրա կայացված որոշումները»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է հանրաքվեի քարոզարշավի հետաձգելու հնարավորությունը, Զեյնալյանը նշեց․
«Դա կախված է իրավիճակի փոփոխությունից, թե այս մեկ շաբաթվա ընթացքում ինչ փոփոխություն կունենանք: Եթե իրավիճակը լինի զսպելի, այլ դեպքեր չգրանցվեն, տարածում չունենա»:
Նա հավելեց, որ հիմա քարոզարշավի հետ կապված քայլեր են արվում, այդ թվում քարոզչական բնույթի.
«Ակտիվ քարոզչության փուլ դեռ չենք մտել: Հանդիպումներ քաղաքացիների հետ Երեւանում չկան, մարզերում, կարծեմ, ընթանում են, բայց իրավիճակը վերահսկելի է կորոնավիրուսի հետ կապված»:


