Խստորեն դատապարտում եմ այսօր Մասիս համայնքի Նոր Կյուրին բնակավայրում տեղի ունեցած անթույլատրելի միջադեպը. Մասիսի համայնքապետ
Մասիսի գործող համայնքապետ Նորայր Հակոբյանը հայտարարություն է տարածել՝ կապված այսօր Մասիսում տեղի ունեցած միջադեպի հետ:
«Խստորեն դատապարտում եմ այսօր Մասիս համայնքի Նոր Կյուրին բնակավայրում տեղի ունեցած անթույլատրելի միջադեպը, որի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից բռնության են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչները:
Բռնության, ճնշման, սպառնալիքների և անհանդուրժողականության ցանկացած դրսևորում անընդունելի է և խստորեն դատապարտելի։
Կոչ եմ անում իրավապահ մարմիններին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, տեղի ունեցածին իրավական գնահատական տալու և պատասխանատվության ենթարկելու համար։
Մասիս համայնքը եղել և մնալու է համերաշխության, փոխադարձ հարգանքի, միասնական համայնք։ Որևէ քաղաքական գործընթաց չպետք է վերածվի թշնամանքի, պառակտման կամ հասարակական լարվածության աղբյուրի։
Հորդորում եմ բոլորին պահպանել զսպվածություն, հարգել միմյանց իրավունքներն ու կարծիքները և բացառել իրավիճակի հետագա սրացմանը նպաստող ցանկացած գործողություն»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստանի» թիմակիցների՝ այդ թվում և կանանց վրա:
Նշենք, որ ՆԳՆ-ից Factor TV-ին փոխանցել են, որ դեպքի առթիվ հաղորդում ստացել են և այն փոխանցել են նախաքննական մարմին։ Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ դեռևս հաղորդումը չեն ստացել։
Իր հերթին «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում այս առնչությամբ գրել է. «Փաշինյանի հեռացող իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը։ Այսօր Մասիսում մեր երիտասարդների հետ տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ փողոցում կանանց քաշքշող, մանկահասակ երեխայի ներկայությամբ երիտասարդ կնոջ վրա բղավող Փաշինյանի վարքագիծը վտագավոր է և տարածվում ու ընդօրինակվում է իր կողմնակիցների շրջանում։


