Խորին ցավակցություններ ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
Խորապես վշտացած ենք Բանդեր Աբբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի պատճառով, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ։ Այս մասին հայտարարություն տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին, ինչպես նաև զոհերի ընտանիքներին ու սիրելիներին։ Վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում շաբաթ տեղի ունեցած հզոր պայթյունի և բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Մինչդեռ տուժածների թիվը 1,139 է:
«Միջադեպը տեղի է ունեցել Շահիդ Ռաջաի նավահանգստի տարածքում պահվող մի քանի բեռնարկղերի պայթյունի հետևանքով: Ներկայումս մենք տարհանում և վիրավորներին տեղափոխում ենք բժշկական կենտրոններ», - BBC-ի փոխանցմամբ՝ պետական հեռուստատեսությանը հայտնել է ճգնաժամային կառավարման տեղական պաշտոնյան:
Իրանի Առողջապահության նախարարությունը Հորմոզգան նահանգում արտակարգ դրություն է հայտարարել՝ մարդկանց խնդրելով մնալ տանը, փակ պահել պատուհանները և կրել դիմակներ։
Պաշտոնապես երկրի իշխանությունները չեն ասում, թե կոնկրետ ինչ է եղել պայթած բեռնարկղերում։ Սակայն New York Times-ի՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող աղբյուրը հայտնել է, որ նավահանգստում նատրիումի պերքլորատով բեռնարկղեր են պայթել: Այս նյութն օգտագործվում է պինդ հրթիռային վառելիք արտադրելու համար։