Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
Ազգային ժողովը հունվարի 20-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր:
«ՀՀ քաղաքացիության մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Նրա խոսքով ստեղծվելու է մեկ միասնական հարթակ, որի շրջանակում ընդունվելու են ինչպես քաղաքացիության շնորհման, այնպես էլ դադարեցման դիմումները:
Առաջարկվող կարգավորումները` այստեղ:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախաձեռնության վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ստացվել:
Կառավարության հեղինակած հաջորդ նախաձեռնությունը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Ըստ նրա` ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխության արդյունքում բարելավելու է մեր երկրի ներդրումային միջավայրը: Մասնավորապես, կպարզեցվի դեբիտորական պարտավորություններն անհուսալի ճանաչելու հետ կապված վարչարարությունը:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Արսեն Թորոսյանի, Մարիամ Պողոսյանի, Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթով առաջարկվում է արգելել 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքների եւ էներգետիկ ըմպելիքների վաճառքը կամ այլ ձեւով իրացումը, սահմանափակել էներգետիկ ըմպելիքների գովազդի հնարավորությունը, սահմանել վարչական պատասխանատվություն` արգելքներն ու սահմանափակումները խախտելու համար:
Նախաձեռնության համահեղինակ Ալխաս Ղազարյանի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է մեկ առաջարկ, որն ընդունվել է եւ նախաձեռնությունը լրամշակվել է:
«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունը եւ լրացումները եւս քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի խոսքով առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունը չի փոփոխվել:
Հիմնական կարգավորումները` այստեղ:
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս ներկայացրել է Գեւորգ Պապոյանը: Հիմնական փոփոխությունները` այստեղ:
Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն եղել:
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նպատակն է նույնականացնել օրենսդրական դաշտը, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջարկներ են ներկայացրել պատգամավորներ Թագուհի Ղազարյանը եւ Լիլիթ Գալստյանը: