Խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով. Սերժ Սարգսյանը տուն ուղարկեց դատարանի դիմաց հավաքված աջակիցներին
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին ու կուսակիցներին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մոտեցավ թիկնազորով, զրահապատ մեքենայով:
Մեքենայից իջնելուց հետո նա վերցրեց բարձրախոսը և դիմելով իր աջակիցներին, հորդորեց հեռանալ՝ «շառ ու փորձանքից հեռու»:
«Հաշվի առնելով եղանակային պայմանները և այն հանգամանքը, որ հույս կա՝ Հայաստանում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին: Ես աշխարհի ամենատարբեր ամբիոններից հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Արդբեջանի կազմում: Դա է եղել իմ կյանքի գերագույն նպատակը: Այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ ու ամենուր»,- ասաց երրորդ նախագահը:
Նշենք, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ինչպես նաև գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։
Ըստ մեղադրական եզրակացության, Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիքի մատակարարման պետական ծրագրով մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակություն կատարելու համար: Առաջադրված մեղադրանքի համաձայան, 2013-ին գյուղացիներին մատչելի դիզվառելիքի մատակարարման ծրագրով, որով նախատեսվել է հողօգտագործողներին վաճառել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք, ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, սակայն Սերժ Սարգսյանի հրահանգով պայմանագիրը կնքվել է ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ընկերության հետ, որին պետական միջոցներից վճարվել է 1,8 մլրդ դրամ: