Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման բարձր է գնահատել Ռուսաստանի՝ համանախագահ այլ երկրների հետ միջնորդական առաքելությունը ԼՂ խնդրի կարգավորման հարցում:
Այսօր համատեղ ասուլիսում Զոհրաբ Մնացականյան նշեց, որ Արցախյան հիմնախնդիրը վերաբերում է իրենց պատմական հայրենիքում ապրող մեր հայրենակիցների իրավունքների իրականացմանը:
«Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքների իրականացումը առանց սահմանափակման և հարկադրանքի: Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի»,- նշեց արտաքին գերատեսչության ղեկավարը։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով նոյեմբերի 10-11-ը գտնվում է Հայաստանում: