Խաղաղության այս գործընթացը, որը նախաձեռնել է Հայաստանի Կառավարությունը, այլընտրանք չունի. Սարգիս Խանդանյան
Հայաստանի Կառավարությունը չի շեղվել նախընտրական՝ թե Կառավարության ծրագրի հանձնառությունից՝ անել ամեն ինչ՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար: Այս առումով պետք է արձանագրենք՝ 2024-ը եղել է արդյունքների տարի:
Այս մասին ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ելույթում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով զեկույցի արտաքին հարաբերությունների բաժնին:
«Նախ՝ պետք է արձանագրենք, որ 2024-ը եղել է մեր անկախության շրջանի ամենախաղաղ տարին, բայց բացի այդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է սահմանազատման գործընթացը, ստորագրվել է առաջին երկկողմ փաստաթուղթը սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը և այն վավերացվել է այս խորհրդարանի կողմից, և ի վերջո, համաձայնեցվել է խաղաղության համաձայնագրի տեքստը:
Ես հավատում եմ, որ խաղաղության այս գործընթացը, որը նախաձեռնել է Հայաստանի Կառավարությունը, այլընտրանք չունի։ Եվ սա համոզմունք է ոչ թե այն պատճառով, որ ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ և սատարում եմ ՀՀ Կառավարության ծրագրին, այլ այն պարզ պատճառով, որ Հայաստանի հանրային-քաղաքական դաշտում հնչող քննարկումներում կամ քննադատության մեջ չկա խաղաղության գործընթացի որևէ այլընտրանք, որը կհանգեցնի խաղաղության։
Բոլոր այլընտրանքային մտքերը հանգեցնելու են երկու բանի՝ կա՛մ հակամարտության խորացման և պատերազմի, կա՛մ Հայաստանի ինքնիշխանության կորստի, բայց որ ավելի հավանական է՝ երկուսին էլ՝ հակամարտության խորացման և պատերազմի, որը կբերի Հայաստանի ինքնիշխանության կորստին»,- նշեց Սարգիս Խանդանյանը: