Կարծում ենք՝ խաղաղության համաձայնագրի և ԵԱՀԿ ՄԽ լուծարման փաստաթղթերը կարող ենք նույն օրը ստորագրել. Միրզոյան
Դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում՝ ինստիտուցիոնալ կերպով կոնֆլիկտի ավարտն ազդարարելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այդ դեպքում մենք, իհարկե, կարիք չենք ունենա միջազգային մի ֆորմատի, որը կոչված է զբաղվելու այդ հակամարտությամբ: Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ հնարավոր լուծարմանը:
«Մինսկի խմբի գոյությունը հավելյալ արժեք չի տա և կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության պարագայում, ստորագրված համաձայնագրի պարագայում:
Այդ պատճառով մենք կողմ ենք և բաց ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացին: Մենք ուղղակի կարծում ենք, որ այդ գործընթացները, փաստաթղթերը կարող ենք առնվազն նույն օրը ստորագրել: Ինչ հաջորդականություն ուզում եք դրեք: Մեկը խաղաղության համաձայնագիրն է, մյուսը՝ համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին՝ տեղեկացնելով խմբի լուծարման գործընթաց սկսելու՝ Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամության կամ նախաձեռնության մասին»,- ասաց նախարարը: