ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կարծում եմ, որ իմ թուրք և ադրբեջանցի գործընկերները ևս կհաստատեն, որ երբեք այսքան մոտ չենք եղել միմյանց. Միրզոյան

Կարծում եմ, որ իմ թուրք և ադրբեջանցի գործընկերները ևս կհաստատեն, որ երբեք այսքան մոտ չենք եղել միմյանց. Միրզոյան

Աշխարհն այսօր բախվում է լուրջ անորոշությունների և ցնցումների։ Մենք գտնվում ենք մի խաչմերուկում, որտեղ միևնույն ժամանակ առկա են և՛ գլոբալ կայունացման հնարավորություններ, և՛ հակամարտությունների խորացման ու երկարաձգման վտանգներ։ Այս մասին թուրքական ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը:

Նա հավելել է, որ ներկայումս աշխարհում գրեթե ոչ ոք վստահությամբ չի կարող կանխատեսել զարգացումների ուղղությունը։ 

«Եվ եթե վերադառնում ենք մեր տարածաշրջան, հարցը ձևակերպվում է հետևյալ կերպ՝ մենք նպաստում ենք այդ գլոբալ անկայունությանը, թե՞ ձգտում ենք դառնալ կայունության կղզի։ Սա իսկապես մեր իսկ որոշելիքն է։ Մենք կարող ենք ընտրություն կատարել։ Մենք համոզված ենք, որ այսօր կա եզակի հնարավորություն՝ ապագան կառուցելու համար։ Այն ապագան, որը հիմնված է ներկա պահին ընդունվող համարձակ ու խելամիտ որոշումների վրա։ Կարող ենք ձևավորել ավելի ապահով, ավելի կանխատեսելի ու բարեկեցիկ միջավայր մեր քաղաքացիների և գալիք սերունդների համար։ Բայց կա նաև այլ ճանապարհ՝ շարունակել առաջնորդվել հին մոտեցումներով՝ թշնամանք, հակամարտություն, փոխադարձ անհանդուրժողականություն։ Դա, անկեղծ ասած, երբեմն հեշտ է թվում՝ քան ապագա կառուցելը։ Չէ՞ որ հեշտ է անվերջ թվարկել պատճառներ՝ թե ինչու չի ստացվում հաստատել հարևանություն։ Դուք կարող եք մատնանշել տասը պատճառ, ես կարող եմ ավելացնել ևս տասնհինգը, մեր ադրբեջանցի գործընկերները՝ ևս քսան։ Եվ բոլոր պատճառները կարող են իրենց տրամաբանությունն ունենալ։ Բայց եթե ցանկությունն այն է, որ թշնամությունը շարունակվի, ապա դա անելն ամենահեշտն է»,-ասել է նախարարը: 

Հարցին, թե՝ երբ համեմատում է ներկան անցյալի հետ, արդյո՞ք հիմա է ճիշտ ժամանակը՝ խաղաղություն հաստատելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր ստորագրելու, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար, և արդյոք այսօր ավելի հե՞շտ է, Միրզոյանն արձագանքել է. «Կփորձեմ պատասխանել մի փոքր այլ կերպ, եթե դեմ չեք։ Չեմ կարող պնդել, որ հենց հիմա է «ճիշտ» ժամանակը։ Հնարավոր է՝ նման կատարյալ պահ երբեք էլ չլինի։ Բայց վստահությամբ կարող եմ ասել, և կարծում եմ, որ իմ թուրք և ադրբեջանցի գործընկերները ևս կհաստատեն դա, երբեք այսքան մոտ չենք եղել միմյանց։ Միգուցե ժամանակը հարմար չէ, միգուցե երբեք էլ չի լինի, բայց եթե անկեղծ գնահատենք՝ որտեղ ենք հիմա, ապա կարող ենք ասել, որ երբեք չենք եղել այսքան մոտ խաղաղությանը և կայունությանը»:

  • Կիսվել: