Կարող եմ առաջարկել, որ դեկտեմբերի 15-ից հետո հանդիպենք, դռնփակ քննարկում ունենանք․ Փաշինյանը՝ Արծվիկ Մինասյանին
Այսօր ազգային ժողովի հերթական նիստում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախ անդրադարձավ քրեական գործեր հարուցելու կարևորությանը այն հայտարարությունների վերաբերյալ, որոնք ԱԺ ամբիոնից հնչում են իրենց հասցեին որպես մեղադրանք։
Պատգամավորը հիշեցրեց, որ գերիների հարցով քննարկման հրավեր են ներկայացրել, սակայն այն իշխող ուժի, Նիկոլ Փաշինյանի կողմից չի ընդունվել։
«Օգտվելով առիթից դիմում եմ Ձեզ՝ ի՞նչ քայլեր եք անում, ի՞նչ քայլեր եք արել և ի՞նչ եք ակնկալում մեզանից, բոլորից»,– ասաց նա՝ խոսելով գերիներին վերադարձնելու հարցի մասին։
Նիկոլ Փաշինյանը նախ տեղեկացրեց, որ Կառավարությունը գերիների հարցը միջազգային դատարանում բարձրացրել է, ամենօրյա աշխատանք են տանում, բոլոր բանակցություններում այդ հարցը քննարկվում է։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբեք չի խուսափել որևէ քննարկումից։
«Երբ հրավեր եղավ, ես ասացի, որ ընդունում եմ, բայց հիմա օր ու ժամ նշանակել չի լինի, քանի որ կարող է այդ օրը այլ միջոցառում է նշանակված, և ես կարող եմ առաջարկել, որ սպասվող բանակցություններից՝ դեկտեմբերի 15–ից հետո հանդիպել դռնփակ ռեժիմով քննարկել»,–ասաց նա։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ հրատապ թեմայով քննարկումը մեկ շաբաթ առաջ է ներկայացվում, և իրենք դեռ ավելի վաղ են ներկայացրել։
Ինչ վերաբերում է քրեական գործեր հարուցելու մասին հարցին, ապա նա ասաց, որ առաջարկում է նյութեր նախապատրաստել, և պարզել, թե ովքեր են այդ գործակալական ցանցը։ «Քանի որ եթե նման բան կա, պետք է դատապարտվեն բոլորը, հակառակ դեպքում տպավորություն է, որ կամ վիրավորանք եք ուզում հասցնել, կամ սուտ մատնություն է, այլ տարբերակ չկա»,–ասաց նա։


