երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Կանայք հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի․ Անահիտ Մանասյան

Կանայք հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի․ Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 1-ին Ծաղկաձորում ելույթ է ունեցել «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Ծրագրի նպատակն է Հայաստանում խթանել կանանց ներգրավվածությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Հանդիպմանը մասնակցել են մասնակիցներ 10 մարզերից։

Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանն անդրադարձել է իրավապաշտպանների առջև ծառացած մարտահրավերներին, ոլորտում առկա խնդիրներին: Այս համատեքստում բանախոսը նշել է, որ իրավապաշտպանությունը կենսակերպ է, առաքելություն, այլ ոչ հերոսանալու միջոց:

«Պետք է ընդունենք, որ այդ առաքելությունն իրականացնողները ևս հաճախ հայտնվում են խոցելի իրավիճակներում: Դա ավելի արտահայտիչ է, երբ իրավապաշտպանները կանայք են և իրենց գործունեությունը ծավալում են նաև իրավահավասարության, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում կամ բարձրացնում են իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր, որոնք կոնկրետ հասարակական միջավայրում պոպուլյար չեն»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ վերջիններս առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների ու դառնում ատելության խոսքի, այդ թվում՝ առցանց ատելության խոսքի թիրախ՝ պայմանավորված հենց կին լինելու հանգամանքով:

Իր խոսքում Անահիտ Մանասյանն անդրադարձել է հասարակական բոլոր մակարդակներում սեռով պայմանավորված կանանց թիրախավորման դեպքերին: Նա նշել է, որ կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի:

«Երևույթի դեմ պայքարի լավագույն միջոցը՝ յուրաքանչյուրիս կողմից դրան հակազդելն է: Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը և կանանց իրավունքների խթանմանը», - եզրափակել է Անահիտ Մանասյանը:

Հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղել Մարդու իրավունքների պաշտպանին: Դրանք վերաբերել են կանանց իրավունքներին, բուլինգին, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին և այլն:

«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է Լիբերալ քաղաքականության ինստիտուտը՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ:

  • Կիսվել: