Կանադայի վարչապետը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հիշատակել ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը
Կանադայի վարչապետ, Ազատական կուսակցության ղեկավար Մարկ Քարնին ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի ոճրագործության զոհերին և ուշադրություն հրավիրելով Լեռնային Ղարաբաղի հայերի շարունակական տառապանքների վրա:
Մարկ Քարնիի հայտարարությունը տարածել է Կանադայի Ազատական կուսակցությունը։
«Այս ապրիլի 24-ին ես միանում եմ տասնյակ հազարավոր կանադահայերին և ամբողջ աշխարհի միլիոնավոր հայերին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը»,-նշված է հայտարարության մեջ։
Նա նաև նշել է, որ 1.5 միլիոն հայեր սպանվել են վայրագությունների ժամանակ, որոնք համակարգված կերպով ծրագրվել և իրականացվել են Օսմանյան կայսրության կողմից։
«Հայերի ցեղասպանության 110-ամյակի տարելիցի առթիվ մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, որոնք զոհվեցին և խորհում ենք նրանց պատմությունների շուրջ, որպեսզի նրանք երբեք չմոռացվեն»,-նշել է Կանադայի վարչապետը։
Վերջինս նաև աջակցության խոսքեր է հղել Հայոց ցեղասպանությունը վերապրածներին՝ շեշտելով, որ նրանք քաջություն են ունեցել հաղթահարելու իրենց կյանքի անհավանական դժվարություններն ու կառուցելու իրենց համայնքներն ու ինստիտուտները։
Մարկ Քարնին խստորեն դատապարտել է Ցեղասպանության ժխտումը և ընդգծել պատմական անարդարությունների ճանաչման կարևորությունը տարածաշրջանում մարդու իրավունքների վերաբերյալ շարունակական մտահոգությունների ֆոնին։
«Չնայած 110 տարի է անցել, այս Ցեղասպանությունը շարունակում է ակտիվորեն ժխտվել դա իրականացրած հանցագործների կողմից, հայ ժողովուրդը շարունակում է բախվել հալածանքների և ճնշումների: Դա ողբերգականորեն դրսևորվեց 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120,000 բնիկ հայերի բռնի տեղահանմամբ՝ ամիսներ տևած անօրինական շրջափակումից հետո, որը զրկեց նրանց իրենց ամենահիմնարար իրավունքներից։ Այս կարևոր օրը հիշատակելիս՝ մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին և պարտավորվում ենք կառուցել ավելի ուժեղ, ավելի հանդուրժող Կանադա, որը զերծ է խտրականությունից և ատելությունից», - ասված է հայտարարության մեջ։