հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Կալամատայի քաղաքապետարանի նախաձեռնությամբ միջոցառում է կազմակերպվել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ

Կալամատայի քաղաքապետարանի նախաձեռնությամբ միջոցառում է կազմակերպվել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ Կալամատայի քաղաքապետարանի նախաձեռնությամբ միջոցառում է կազմակերպվել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։
 
Միջոցառմանը մասնակցում էին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հունաստանի Հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ . Սահակ Եպիս. Եմիշեանը, Կալապամատյի եպիսկոպոս Խրիսոստոմոս Սավվատոսը, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Միլտոս Խրիսոմալիսը, Կալամատայի քաղաքապետի տեղակալ Սարանտոս Մարինակիսը, Մեսինիայի փոխմարզպետ Ստատիս Անաստասոպուլոսը, Հունաստանի Հայ Դատի Հանձնախմբի ներկայացուցիչ Սերգո Կապլանյանը, Կալամատայի հայ համայնքի նախագահ Սոֆյա Մարգարյանը, ինչպես նաև այլ տարածաշրջանի մի շարք փոխքաղաքապետեր, զինված ուժերի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
 
 
Պաշտոնական ելույթներից առաջ Գերշ. Տ . Սահակ Եպիս. Եմիշեանը մատուցել է հոգեհանգստյան կարգ։
 
Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է ցեղասպանությունների կանխարգելման ուղղության երեք հիմնական ուղղությունների կարևորությունը, ինչպիսիք են ժխտողականության դեմ պայքարը, ցեղասպանության դասավանդման անհրաժեշտությունը ոչ միայն համալսարաններում, այլ նաև միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև հիշատակման օրերի իմաստը և նշանակությունը։
 
 
Դեսպանը նշել է, որ Հայոց ցեղասպանության համատեքստում վերոնշյալ երեք հանգամանքները գործի են դրված Հունաստանում և շնորհակալություն է արտահայտել Հունաստանի կառավարությանը և ժողովրդին Հայաստանին և հայ ժողովրդին գրկաբաց ընդունելու և շարունակաբար աջակցելու համար։ Դեսպանը հարգանքի տուրք է մատուցել հույն հոգևորական, 1913-1923 թթ. Տրապիզոնի մետրոպոլիտ Խրիզանթոս Ֆիլիպիդիսին, ով 1915-1916 թթ. հանդես է եկել հայերի պաշտպանությամբ, hայ-հունական դաշինք ստեղծելու ջանքեր է գործադրել։
 
Իր խոսքի ավարտին դեսպան Մկրտչյանը երախտիքի խոսքեր է ուղղել Կալամատայի քաղաքային իշխանություններին միջոցառման կազմակերպման կազմակերպման համար։

  • Կիսվել: