ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Իսրայելը Ադրբեջան ռազմական արտադրանքի առաջատար արտահանող է, ՌԴ-ը ևս զենք է մատակարարում Ադրբեջանին. Ցինկեր

Իսրայելը Ադրբեջան ռազմական արտադրանքի առաջատար արտահանող է, ՌԴ-ը ևս զենք է մատակարարում Ադրբեջանին. Ցինկեր

«Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքի խոցումը վկայում է հայկական հակաօդային պաշտպանության ուժերի պատրաստվածության լավ մակարդակի մասին:

Նա նշել է, որ Իսրայելը հույս ունի, որ արցախյան հակամարտությունը կկարգավորվի, եւ այդ ժամանակ բացասական աշխարհաքաղաքական իրավիճակ չի լինի:

Ցինկերն ընդգծեց, որ Իսրայելը տարբեր երկրներ, այդ թվում՝ նաև Ադրբեջան, ռազմական արտադրանքի առաջատար արտահանող երկիր է: Նա հավելեց, որ Ռուսաստանը ևս զենք է մատակարարում Ադրբեջանին:

«Կա ըմբռնում, որ որեւէ երկրի հետ հարաբերությունները չպետք է կառուցվեն երրորդի դեմ։ Մյուս կողմից՝ կա Իրանը, որը չի թաքցնում Իսրայելը ոչնչացնելու իր ցանկությունը, ուստի այն ամենը, ինչ կատարվում է Իրանի շուրջ, չի կարող չհետաքրքրել Իսրայելին։ Ադրբեջանը, մի կողմից, սահմանակից է Իրանին, մյուս կողմից՝ լավ հարաբերություններ ունի Ղազախստանի եւ Ուզբեկստանի հետ, որոնց, ինչպես եւ մուսուլմանական շատ այլ երկրների հետ Իսրայելը լավ հարաբերություններ ունի»,-ասաց Ցինկերը։

Նշենք, որ Արցախի բանակի ՀՕՊ ստորաբաժանումները սեպտեմբերի 25-ին Ակնայի տարածքում խփել են հետախուզական թռիչք կատարող «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք:

 

  • Կիսվել: