Իրենց թվում էր, որ հորս կալանավորեն, մարդկանց հերթեր կգոյանան ցուցմունքներ տալու համար. Լևոն Քոչարյան
Այն կարծիքը, թե մենք անընդհատ ձգձգում ենք, եւ դրանք անհարկի միջնորդություններ են, մի անգամ չեմ լսել, որ իրենք դատավորին ասեն՝ հարգելի դատավոր, ինչո՞ւ եք նիստը շաբաթը մի օր նշանակում, ամեն օր դիր։ Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։
Անդրադառնալով «Մարտի 1-ի» գործով այսօրվա դատական նիստին Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Աննա Դանիբեկյանին բացարկ հայտնելու միջնորդության որոշմանը, նա նշեց․
«Ինձ մոտ տպավորություն էր, որ որոշում կայացնելուց խուսափելու ինչ-որ ձեւ էր։ Սպասենք, կտեսնենք՝ ինչպիսին կլինի որոշումը։ Կարծում եմ, որ իր համար էլ, բոլորի համար էլ ճիշտ բան կանի, որ հրաժարվի էս գործից։ Այն ինչի ականատեսն ենք ամիսներ շարունակ, չեմ կարծում, որ կընդունի ինքնաբացարկը։
Խնդիրը համարում եմ այն, որ հայրս ապօրինի ձեւով կալանքի տակ է։ Տեսաք, որ հրապարակվեցին այդ վերծանումները։ Նույն հին հանգամանքներն է, որը ապացուցում է՝ ինչ շինծու ու ինչ կարգի է ուղղորդված երկրի վարչապետի կողմից։ Այսինքն՝ մենք պիտի ասենք՝ դե լավ, եկեք տարիներով գործը տարեք, ու այդ ընթացքում էլ հայրս պիտի կալանքի տակ մնա՞. սա է իրենց տրամաբանությունը։ Նույնիսկ հայրս հիվանդանոցում մի քանի օր պառկեց, ասում էին՝ հատուկ է գնացել»։