հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Իրական իշխանությունը ես ու պարոն Ասլանյանն ենք, մնացած մեր գործընկերները շեղվել են. Հովիկ Աղազարյան

Իրական իշխանությունը ես ու պարոն Ասլանյանն ենք, մնացած մեր գործընկերները շեղվել են. Հովիկ Աղազարյան

Սա մեր ցավն է և մենք ամեն տարի այդ մասին հիշում ենք, խորհում ենք, մտածում ենք՝ ո՞նց անենք, որ նմանատիպ բաներ չլինեն ոչ միայն հայ ժողովրդի հետ կապված, այլ ընդհանրապես աշխարհում: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների  հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը:

Անդրադառնալով մեղադրանքներին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մոռացության է տալիս ցեղասպանությունը, երկրորդ պլան է մղվում, հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումների ներքո խաղաղության պայմանագիր ստորագրելով, նա ասաց. «Ես, ճիշտն ասած, գտնում եմ, որ պետք չի արտաքին հարաբերություններում Հայոց ցեղասպանության հարցը պահել առաջնահերթությունների մեջ։ Ես դրան այդքան էլ կողմնակից չեմ, բայց իհարկե չպետք է հակառակն էլ լինի, չպետք է մեզ ասեն, որ մենք պետք է ինչ-որ գնահատականներ տանք, վերաարժևորենք և ընդհուպ մինչև ժխտենք, որ մեզ հետ հարաբերություններ ունենան։ Երկուսն էլ ինձ համար անընդունելի է»:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում, որ քաղաքացիների համար հուշահամալիրի մուտքը փակ է, քանի որ այնտեղ է վարչապետը՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Աղազարյանը պատասխանեց. «Մենք արդեն հետ ենք վերադառնում, և այդ ժամանակ, երբ պարոն Ասլանյանի հետ մենք գալիս էինք, սահմանափակում չկար, և քաղաքացիներն էլ էին գալիս։

Ինչ վերաբերում է նրան, որ մենք իշխանությունից առանձին ենք գալիս, պարոն Ասլանյանը և ես գտնում ենք, որ իրական իշխանությունը մենք ենք՝ Ասլանյանը և ես, որովհետև մնացած մեր նախկին գործընկերները շեղվել են այն արժեհամակարգից, որով մենք եկել ենք հեղափոխության և հետո իշխանության»:

Հովիկ Աղազարյանի խոսքով շատ կան այդպիսի շեղումներ, բայց դրանց մասին հիմա չի ուզում խոսել, որովհետեւ օրվա խորհրդին չի համապատասխանում:

  • Կիսվել: