Ինչքան էլ ուզեցան խառնել, բայց չստացվեց. Վարդան Ղուկասյանը՝ Գյումրիի ավագանիում
Գյումրիի ավագանու անդրանիկ նիստում այսօր «Մայր Հայաստան» խմբակցության ցուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանը հայտարարեց, որ իրենց նպատակը եղել է Գյումրիում իշխանազարկել ՔՊ-ին եւ այսօր իրենք քաղաքապետի թեկնածու չեն առաջադրում, այլ կպաշտպանեն Վարդան Ղուկասյանի թեկնածությունը
«Իմ հզոր համայնքի» ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց, որ իրենք եւս թեկնածու չեն առաջադրելու եւ իրենց քվեներով ապահովելու են ընդդիմադիր թեկնածուի ընտրությունը:
«Մեր քաղաքը» խմբակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք եւս թեկնածու չեն առաջադրում եւ քվեարկելու են ընդդիմության միասնական թեկնածուին:
Կոմունիստական կուսակցության խմբակցությունն առաջադրեց Վարդան Ղուկասյանի թեկնածությունը:
Վարդան Ղուկասյանն իր խոսքում նշեց. «Շատ համերաշխ ընտրություն կատարվեց, ինչքան էլ ուզեցան խառնել, բայց չստացվեց: Թեկնածուներն իրենց շատ ճիշտ դրսեւորեցին: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ազգաբնակչությանն իրենց տված ձայների համար: Որդեգրելու ենք համերաշխությամբ, խաղաղությամբ, կառուցողական՝ հիմք ընդունելով հավատքն ու հայրենիքը: Շատ պարտավորեցնող է այն մարդու համար, ով մանավանդ աշխատել է 13 տարի:
Ես որդեգրելու եմ մի սկզբունք, եթե քաղաքի շահը, երկրի շահը որեւէ մեկն ուզում է ոտք պահել, միանշանակ ինքը հասարակության առաջ, Աստծո առաջ պատասխան կտա:
Լսելու ենք բոլորին, ոչ միայն թեկնածուներին: Եթե քաղաքում որեւէ մեկը կլինի, ՀԿ-ներ կլինեն, որոնք ի շահ քաղաքի կներկայացնեն ծրագրեր, մենք անպայման պետք է քննարկենք: Ես լսելու ունակություն ունեմ:
Եթե մտքով, ուղեղով մտածեի, ավելի լավ է ինչ որ մի տեղ ավելի հանգիստ ապրեի: Քաղաքապետ աշխատած ժամանակ 5 փամփուշտ իմ մարմնի մեջ է հայտնվել, որովհետեւ ես ճշմարտությունն էի պահում: Ես անձնական խնդիր չեմ ունեցել, դրանք քաղաքական պատվեր են եղել, Մեր տղերքը մահացել են, թող լույս իջնի իրենց շիրիմներին:
Տեսնելով երկրի վիճակը, թե ուր են մեզ տանում, տեսնելով քաղաքի վիճակը, մարդիկ ինձ ասում են՝ ինչքա՞ն կարող ենք այսպես մնալ: Դրանից ելնելով ես առաջադրել եմ իմ թեկնածությունը»:
Նշենք, որ այս պահին ընթանում է Գյումրիի ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է ընտրվի քաղաքապետ: ՔՊ խմբակցությունը չի մասնակցում նիստին: Նիստը վարում է Վարդան Ղուկասյանը: