Իմ հորդորն է՝ գա և ներկայանա նախաքննական մարմին և ավելի մանրամասն պատմի․ Արթուր Հովհաննիսյանը՝ Միհրան Պողոսյանին
«Խոսում եք քրեական գործի մասին, որի մանրամասներին չեմ տիրապետում»,- ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսպես պատասխանեց լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ ԱԱԾ կողմից բացահայտված 1 տոննա կոկաինի ներկրման գործով այսօր հայտարարություն է տարածել ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, նշելով, որ ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն փոշենման զանգված է։
«Ինչ վերաբերում է ձեր նշած անձի տարատեսակ մեկնաբանություններին, ավելի լավ է այդ անձը գար և ներկայանար նախաքննական մարմին, որովհետև գտնվում է հետախուզման մեջ։ Տվյալ անձնավորությունը ՀՀ իրավապահ մարմինների կողմից գտնվում է հետախուզման մեջ՝ ՀՀ պետական գույք հափշտակելու և մի շարք այլ հանցագործությունների համար, հետևաբար, նրա մեկնաբանություններն ընդհանրապես իմ կողմից մեկնաբանման արժանի էլ չեն։ Իմ հորդորն է տվյալ մարդուն՝ գա և ներկայանա նախաքննական մարմին և ավելի մանրամասն պատմի իր առնչությունը բանանի, կոկաինի և մնացած այլ հանցագործությունների հետ»,- նշեց Հովհաննիսյանը։
«Եթե հիմա նման բան է իրեն թույլ տալիս հետախուզման մեջ գտնվող մարդը, մի հատ էլ մեկնաբանում է, ասում է՝ ես ԱԱԾ պետին զանգել, տեղեկացրել եմ, ես սրանից կարող եմ ենթադրել, որ նախկինում էլ ավելի մեծ հանցագործությունների մասին կարող է խոսք գնացած լինել, բայց անմեղության կանխավարկած գոյություն ունի»,- ասաց ՔՊ խմբակցության քարտուղարը և լրագրողներին հոդորեց կոկաինի գործի մասին հարցերն ուղղել ընդդիմությանը․ «Նկատել եմ, որ մեր ընդդդիմությունն է լավ տեղյակ կոկաինի գործից, ընդդիմությանը հարցրեք կոկաինի մասին»։


