երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Հրայր Թովմասյանը գերի է վերցրել Սահմանադրական դատարանը. Արմեն Գրիգորյան

Հրայր Թովմասյանը գերի է վերցրել Սահմանադրական դատարանը. Արմեն Գրիգորյան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը գերի է վերցրել Սահմանադրական դատարանը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարցին՝ Թովմասյանն օրենքի ուժով չի՞ ընտրվել ՍԴ նախագահ, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «2015 թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ Թովմասյանը հայտարարել է՝ «փոփոխությունները երկիրը ժողովրդավարական դարձնելու համար են, որևիցե վերարտադրության խնդիր չկա»: Հետագա ընթացքը ցույց տվեց, որ Սահմանադրությունը գրված է վերարտադրության համար, ինչի շրջանակներում Թովմասյանը ստացել է իր մասնաբաժինը: Սերժ Սարգսյանը, վարչապետ դառնալով, ստեղծեց ճգնաժամ, որի արդյունքը եղավ նաև հեղափոխությունը: Թովմասյանն իր մասնաբաժինը ստացել է, սակայն կան սկզբունքներ, որոնք կյանքի կոչված չեն: Սահմանադրական փոփոխությունների սկզբունքներից մեկի համաձայն` ՍԴ կազմից երեք դատավորին պետք է առաջադրեր նախագահը, երեքին՝ կառավարությունը, երեքին՝ դատական խորհուրդը: Մինչև այսօր այդ սկզբունքն իրականություն չէ»:

Գրիգորյանը խոսեց նաև հասարակության պառակտման խնդրից` նկատելով, որ Հայաստանում կան ուժեր, որոնք չարաշահում են ժողովրդավարության ընձեռած հնարավորությունները և պառակտում են հասարակությանը. «Սահմանը շատ նուրբ է: Պետք է կարողանանք պաշտպանել և անվտանգությունը, և ժողովրդավարական սկզբունքները»:

Գրիգորյանի խոսքով` դրանք արտախորհրդարանական ուժեր են. «Այդ ուժերը հիմնականում ֆեյք հաշիվների և ոչ հրապարակային հանդես գալու միջոցով են գործում: Բարդ է իմանալ, թե ովքեր են կանգնած ֆեյք հաշիվների հետևում, քանի որ սահմանափակումներ կան»:

  • Կիսվել: