երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ՀՀ-ն բարձր է գնահատում Սլովենիայի դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման վերաբերյալ

ՀՀ-ն բարձր է գնահատում Սլովենիայի դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Սլովենիայի դիրքորոշումը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ։ 

Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց, որ Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասին վերաբերող հարցերին։  

«Մենք անդրադարձել ենք նաև մեր տարածաշրջանային հարցերին։ Գլոբալ անորոշությունների պայմաններում համագործակցությունը համախոհ գործընկերների միջև, միջազգային իրավունքի նորմերի անվերապահ պահպանման հարցում ամուր հանձնառությունը, առաջնահերթությունների ճիշտ ընտրությունը կարևոր է առավել քան երբևէ, և այս առումով Հայաստանի ու Սլովենիայի միջև փոխգործակցությունը կարող ենք նույնիսկ օրինակելի համարել»,-նշեց Միրզոյանը։  

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ սլովենացի գործընկերոջ հետ հանդիպմանը բարձր է գնահատել Լյուբլյանայի հայտնած դիրքորոշումը՝ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։ 

«Ես շնորհակալություն եմ հայտնել և բարձր գնահատանք եմ հայտնել Սլովենիայի դիրքորոշմանը, հայտարարությանը` կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ։ Իհարկե, գործընկերոջս նաև ներկայացրել եմ այս գործընթացում առկա վերջին զարգացումները։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգն ի վերջո կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ»,-ասաց Արարատ Միրզոյանը։ 

Նախարարը հիշեցրեց, որ ինչպես նախկինում, հիմա ևս, Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ` որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը և ամսաթիվը։ 

 

  • Կիսվել: