ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի վարկային համաձայնագրով ֆինանսավորում կհատկացվի զբոսաշրջային 7 կլաստերների զարգացման համար
Առաջարկվում է մեկնարկել Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը, որի ֆինանսավորումը կապահովի Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագրի ստորագրմամբ: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հուլիսի 10-ի նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:
«Նպատակն է օժանդակել զբոսաշրջության առանձնացված 20 կլաստերներից 7-ին՝ Արենի, Դիլիջան, Դվին, Գյումրի, Ջերմուկ, Գորիս, Եղեգիս՝ խթանելով գինու առողջարանային, արկածային, մշակութային, կրթական [զբոսաշրջությանը] և էկոզբոսաշրջությանը Հայաստանի տարբեր մարզերում:
Ծրագրերի առանցքում կլինեն այս կլաստերների հետ զբոսաշրջիկների կապն ապահովելը և զբոսաշրջային վայրերի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ներդրումները՝ նպաստելով մշակութային և բնական ժառանգության արժեքների պահպանմանը, գործարար և մասնագիտական հմտությունների ամրապնդմանը, որն էլ նշված բնակավայրերում մեծ թվով նոր աշխատատեղերի հնարավորություն կստեղծի:
Ծրագրերի ընդհանուր արժեքը 120 մլն 500 հազար եվրո է, որից 24 մլն 100 հազար եվրոն ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է:
Ծրագիրը կիրականացվի մինչև 2023 թվականի ավարտը»,- ասաց նախարարի տեղակալը:
Թվարկելով կլաստերներում իրականացվող աշխատանքներն առանձին-առանձին՝ նախարարի տեղակալը նշեց, որ, օրինակ, Դիլիջանի կլաստերում կմաքրվի Աղստև գետը՝ մեղմելով հնարավոր հեղեղումները, կկառուցվի ճոպանուղի՝ Դիլիջանի կենտրոնը կապելով Թախտա թաղամասի հետ, Դվինում կվերակառուցվեն պատմական վայրերն ու հուշարձանները, Ջերմուկում կկառուցվի ջրվեժ տանող և արահետներ տանող ճանապարհը և այլն:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց, որ սա նախարարության կողմից արդեն իսկ իրականացված ծրագրի բովանդակային շարունակությունն է, և որ նախորդ տարիների ընթացքում մարզերում իրականացված ծրագրերը տվել են իրենց արդյունքը, դրանք արդյունավետ են եղել զբոսաշրջությունը խթանելու առումով:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հավելեց՝ Դվինում, օրինակ, կան եզակի ցուցանմուշները, և այստեղ կա շատ արժեքավոր ժառանգությունը, որը տեսանելի չէ բնակիչների համար ևս: Ծրագրի նպատակը նաև այս մասով աշխատանքների իրականացումն է: